2 դեկտեմբերի 2025 – 17:47 AMT
PanARMENIAN.Net – Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես է եկել առաջարկով՝ ձևավորել ՀՀ-Ադրբեջան-Թուրքիա-ԵՄ քառակողմ ձևաչափ, որի նպատակն է զբաղվել տրանսպորտային կապակցվածության հարցերով:
Այդ մասին Մարթա Կոսը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործողությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։
«Հոկտեմբերին ենք սկսել քննարկումները։ Ես խնդրել եմ, որ նախարարն այսօր մեզ ներկայացնի տրանսպորտային կապակցվածության օրակարգում Հայաստանի առաջնահերթությունները, հետո միասին կքննարկենք»,- ասել է Մարթա Կոսը։
ԵՄ հանձնակատարը շեշտել է, որ կարելի է ձեռնարկել բազմաթիվ քայլեր կապակցվածության օրակարգով, սակայն դա հնարավոր կլինի միայն խաղաղության պայմաններում։
Բրյուսելում ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։