Քննարկվել է Հայաստանի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համագործակցության հնարավոր ընդլայնումը


Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Կավեհ Զահեդիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:


 


Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Հայաստանի և ՊԳԿ-ի համագործակցության հնարավոր ընդլայնումը՝ կենսաբազմազանության, ագրոսննդային ոլորտի համակարգերի կայունության, հողերի և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ։


 


ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն արդեն երեք տասնամյակ աջակցում է Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը, սննդային անվտանգության բարձրացմանը և բնապահպանական ծրագրերի իրականացմանը։


 


Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ընթացիկ խոշոր ծրագրերին։ Ներկայում նախարարությունը, համագործակցելով FAO-ի հետ, իրականացնում է «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագիրը։ Այն նախատեսված է էականորեն ուժեղացնելու Հայաստանի անտառային էկոհամակարգերի կայունությունն ու դիմակայունությունը՝ միաժամանակ խթանելով գյուղական համայնքների զարգացումը։ Ծրագրի թիրախային մարզերն են Լոռին և Սյունիքը, որոնք ընտրվել են անտառային էկոհամակարգերի առանձնահատկությունների, բնակչության խտության, սոցիալ-տնտեսական ցուցանիշների և կլիմայի փոփոխության ազդեցության խտության գնահատման հիման վրա։


 


Քննարկվել է ագրոսննդային համակարգերի ներառումը կենսաբազմազանության ազգային ռազմավարության փաստաթղթում (NBSAPs)։


 


Կարևորելով համատեղ աշխատանքը և փորձի փոխանակումը միջազգային հարթակներում, նախարարը ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական ընթացքը և Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը համաժողովին առնչվող կազմակերպչական ու տեխնիկական հարցերի շուրջ։

Leave a Comment