ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Նիկոլ Փաշինյանի կողմից Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին որոշ փաստաթղթերի, այդ թվում 2019թ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրեն առաջարկված փաթեթի հրապարակումը ավելի շատ նախընտրական փուլում մարդկանց նոր զբաղմունք տալու միջոց է: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը և ընդգծեց, որ եթե դրանք իրեն որևէ կերպ վնասեին, Փաշինյանը չէր հրապարակի:
«Փաշինյանը չէր գնա իր համար ռիսկային քայլի և նախընտրական այս փուլում հրապարակայնացներ փաստաթղթեր, որոնք հարվածի տակ կարող էին դնել իր իսկ քաղաքական շահերն ու դիրքերը: Չեմ հավատում, որ նա այդպիսի միամտություն կարող էր անել, նաև չեմ հավատում, որ եղել է քաղաքական ճնշման տակ, որովհետև այդպիսի ճնշում չկա, եղել է միայն նախկին նախագահների հորդորը։ Փաշինյանը պարզապես քաղաքական խոսույթում նոր զբաղմունք առաջ բերեց»:
Այդուհանդերձ, խոսելով բուն փաստաթղթի մասին՝ Հակոբ Բադալյանն ընդգծեց՝ քանի չենք տիրապետում բոլոր մանրուքներին, որոնք գուցե տեղ էլ չեն գտել փաստաթղթում, դժվար է ճիշտ եզրահանգումներ անել:
«Դրանք տարբեր կերպ է հնարավոր մեկնաբանել, քանի որ չեն արտահայտում Ղարաբաղյան կոնֆլիկտի ամբողջ գործընթացը: Ինչպես բրիտանացիներն են ասում՝ այդտեղ այնքան մանրուքներ կարող են լինել, որոնց մեջ սատանան է, իսկ դրանք մենք չգիտենք: Կարևոր է նաև իմանալ, թե ցանկացած փաստաթղթի հանդեպ կողմերից յուրաքանչյուրը ինչ վերաբերմունք է ունեցել: Իհարկե, պարտադիր պետք է ուսումնասիրել, բայց դա մեզ հանրային օգտակարություն չի տալու»:
Հասմիկ Կիրակոսյան
–00—ՅՄ