««Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքում տեղ գտած տեղեկությունը, համաձայն որի Արցախի նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, չի համապատախանում իրականությանը»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Երիցյանը նշեց, որ չեն կարող գտնել գեթ մեկ արցախցի, ով կասի՝ Արցախից դուրս է եկել, քանի որ Արցախի նախագահը ստորագրել է լուծարելու վերաբերյալ հրամանագիր. «Արցախիցները Հայաստանում են հայտնվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, սպանդի սպառնալիքի տակ, ոչ թե նախագահի լուծարման վերաբերյալ հրամանագրով։
Մենք մեր պահանջով չենք ասում՝ ընդհանրապես հերքեք, որ Արցախի Հանրապետության նախագահը ստորագրել է նման հրամանագիր, ասում ենք՝ տեղեկությունը ներկայացրեք ամբողջությամբ, նշեք սպանդի շարժառիթը, նշեք, որ նախագահը չունի նման լիազորություն, նշեք, որ այդ հրամանը եղել է հակասահմանադրական, որ այն չեղարկվել է»,- ասաց Երիցյանը՝ ընդգծելով, որ այդ հրամանագիրը եղել է ընդամենը տեղեկատվական հնարք, բնակչության անվտանգությունն ապահովելու, բնակչությանը փրկելու շարժառիթ։
Մանրամասն՝ տեսանյութում։