«Ուրարտուն» ներկայացրել է նոր ստադիոնի ճարտարապետական կոնցեպտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է նոր մարզադաշտի ճարտարապետական կոնցեպտը։ Երևանյան ակումբը հայտնել է նաև, թե որ ընկերությունն է զբաղվելու ճարտարապետական պրոյեկտի մշակումով։

«Այսօր տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում հայտարարվեց «Ուրարտու» նոր ֆուտբոլային ստադիոնի ճարտարապետական պրոյեկտի մշակման տենդերի հաղթողը։ Հաղթող ճանաչվեց կառուցապատման ոլորտում գործունեություն ծավալող «Gravity Project Management & Construction» ընկերությունը։

Որոշումը կայացրած ժյուրիի կազմում էին՝ «Ուրարտու» ՖԱ նախագահը, գործադիր տնօրենը, ենթակառուցվածքների գծով տնօրենի տեղակալը, ՀՀ Ճարտարապետների պալատի անդամները, Երևանի քաղաքաշինական խորհրդի անդամները և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները։

«Նաիրի» մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արսեն Սարդարյանը ընկերության ներկայացուցիչներին հանձնեց հաղթողի վկայականը՝ պաշտոնապես ամրագրելով համագործակցության մեկնարկը։

Առաջիկայում կմեկնարկեն նոր ստադիոնի նախագծման աշխատանքները։ Նախատեսվում է կառուցել ՈւԵՖԱ-ի 4-րդ կարգի ստադիոն, որը կունենա բոլոր անհրաժեշտ ժամանակակից հարմարությունները և կապահովի բարձր որակ՝ համապատասխան միջազգային ստանդարտներին»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։

Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Ուրարտուն» 15 խաղից հետո վաստակել է 29 միավոր ու «Փյունիկի» և «Ալաշկերտի» հետ բաժանում է 2-4-րդ տեղերը։ Առաջատար «Արարատ-Արմենիան» ունի 34 միավոր։

Leave a Comment