2 դեկտեմբերի 2025 – 15:52 AMT
PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը տեղեկացրել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունը ստացել է 380 դիմում պատգամավորի թեկնածու լինելու համար, հայտնում է Factor.am-ը։
Նրա խոսքով՝ այս դիմողներից մոտ 40-ը կուսակցության անդամ չէ։
Հոկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք կարող են առաջադրվելու հայտ ներկայացնել, եթե ունեն կուսակցության վարչության որևէ անդամի երաշխավորություն։
Ըստ հրապարակման՝ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք պետք է նամակ ուղարկեն թեկնածու լինելու ցանկություն հայտնելու մասին՝ ունենալով ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորություն։ Գրանցված թեկնածուները մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար․ ՔՊ անդամները՝ 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 մլն 500 հազար դրամ։
Փաշինյանը տեղեկացրել էր, որ այդ գումարը նախատեսվում է ծախսել նախընտրական շրջանում։ Իսկ ՔՊ-ականների ու անկուսակցականների համար նախատեսված վճարի չափը բացատրել էր այն հանգամանքով, որ ՔՊ-ականներն ընթացքում կուսակցական անդամավճար են տվել։
Նշվում է, որ ՔՊ-ում մեծամասնությունը հինգ տարիների ընթացքում չի վճարում առնվազն մեկ մլն դրամ, ուստի ստացվում են՝ անհավասար պայմաններ են պատգամավորի թեկնածու առաջադրվելու ցանկություն հայտնողների համար։
ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։