2 դեկտեմբերի 2025 – 16:19 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 1-ին Վանաձորում կայացել է Տիգրան Ուլուբաբյանի քրեական գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում շարունակվել է տուժող Քրիստինե Բեգլարյանի հարցաքննությունը, որի մանրամասները ներկայացրել է Ուլուբաբյանի պաշտպան Էրիկ Բեգլարյանը։ Այդ մասին պաշտպանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Քրիստինե Բեգլարյանը նշել է, որ Տիգրանի նկատմամբ իրականացվում է բացահայտ հաշվեհարդար՝ պայմանավորված նրանով, որ նա հրապարակային է դարձրել ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառված բռնությունը, ինչպես նաև կազմակերպել է բողոքի ակցիաներ և հանրային հավաքներ։ Տուժողի խոսքով՝ հենց այս հանգամանքներն են ստացել մեծ հնչողություն և դարձել Տիգրանի դեմ հարուցված գործի իրական շարժառիթը։
Քրիստինեն հավելել է, որ Տիգրանը ֆինանսական որևէ կարիք չի ունեցել, քանի որ ամսական ստանում էր 330,000 ՀՀ դրամ։ Նա նշել է նաև, որ իր մոտից հափշտակվել են 800,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, և եթե, ինչպես մեղադրանքն է նշում, հանցագործությանը ներգրավված են եղել 4 անձ, ապա գումարի բաժանման դեպքում յուրաքանչյուրին բաժին կհասներ մոտ 200 000 դրամ։
Տուժողի խոսքով՝ դա միանշանակ անհեռանկարային և անհեթեթ մոտիվ է․ Տիգրանը, նախ երբեք չէր գնա նման քայլի, առավել ևս 200, 000 դրամի համար, նրա ֆինանսական վիճակը նման քայլի դրդելու պատճառ չի կարող լինել։
Բացի այդ, տուժողը կրկին ընդգծել է, որ եթե Տիգրանին երբևէ գումար անհրաժեշտ լիներ, ինքը՝ որպես ընտանիքի մտերիմ մարդ, անպայման կօգներ իրեն հնարավորության սահմաններում։ Նրա համոզմամբ՝ մեղադրանքի հիմքերը շինծու են, իսկ Տիգրանի դեմ գործը՝ բացառապես պատժիչ բնույթ է կրում»,– գրել է նա։
Տիգրան Ուլուբաբյանի վերաբերյալ հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին ժամը 15։00‐ին Վանաձոր քաղաքում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեի Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը հայտնել էր, որ այս պահին ենթադրաբար ոստիկանների կողմից ծեծի ենթարկված արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի ցուցմունքից բացի, որևէ այլ ապացույց գործով ձեռք չի բերվել։
Արցախից տեղահանված 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը մեղադրում է ոստիկանության աշխատակիցներին՝ իրեն խոշտանգելու մեջ։ Նրա պնդմամբ՝ ազգականի տան վրա կատարված ավազակային հարձակումից հետո իրեն են կասկածել, ոստիկանություն հրավիրել «զրույցի», գիշերը պահել բաժնում և վարչության պետի ներկայությամբ դաժան ծեծի ենթարկել, վիրավորել և նվաստացրել։