Հակոբյան․ Ոչ մի առնչություն չունեմ «88» սուպերմարկետների ցանցի հետ՝ անգամ որպես սպառող

Հակոբյան․ Ոչ մի առնչություն չունեմ «88» սուպերմարկետների ցանցի հետ՝ անգամ որպես սպառող

2 դեկտեմբերի 2025 – 15:00 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոչ մի առնչություն չունի «88» սուպերմարկետների ցանցի հետ՝ անգամ որպես սպառող։

Նա հորդորել է չհավատալ այս ցանցի և իր անվան հետ կապվող բամբասանքներին, իսկ եթե ամեն կերպ հավատացնում են՝ բոյկոտել։

«Հայտարարում եմ, որ մեր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետներից։ Ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որևէ մեկում։ Ես չգիտեմ դրանք ինչ խանութներ են, որտեղ են գտնվում, ինչ որակի ծառայություն են մատուցում։ Անկեղծ ասած չեմ էլ պատրաստվում երբևէ օգտվել «88» կոչված խանութներից։ Ես արդեն մոտ 20 տարի մեր ընտանիքին անհրաշեշտ գնումները կատարում եմ Երևանի երկու տարբեր սուպերմարկետների ցանցերից և առաջիկայում էլ կշարունակեմ նույնը։

Բանջարեղեն գնում ենք քաղաքի տարբեր փողոցներում տեղավորված միրգ-բանջարեղենների փոքրիկ, գեղեցիկ կետերից։

Ասածս ինչ է, ես ոչ մի բնույթի առնչություն չունեմ «88» սուպերմարկետների ցանցի հետ, անգամ որպես շարքային սպառող դրանք ինձ խորթ են։

Տարբեր համայնքների սիրելի՜ բնակիչներ, խնդրում եմ, մի’ հավատացեք այս խանութի և իմ անվան հետ կապվող բամբասանքներին։ Իսկ եթե ձեզ ամեն կերպ հավատացնում են, թե դրանք իմն են, ուղղակի բոյկոտեք և մի օգտվեք այդ ցանցից, մի շիշ ջուր անգամ մի գնեք «Աննա Հակոբյանի «88» սուպերմարկետներից»։

Եվ առհասարակ, ցանկացած բիզնես, որի անունը կկապվի իմ անվան հետ, բոյկոտե’ք։ Եթե կան շրջանակներ, որոնք անպարկեշտ ձևւով կապում են իմ անունն այս կամ այն բրենդի հետ այս կամ այն նպատակով, թող իրենք իրենց մեջ պարզբանեն իրենց հարցերը։ Իսկ մենք կբոյկոտենք։ Կարճ՝ կոնկրետ»,–գրել է նա։

«88» սուպերմարկետների ցանցը պատկանում է գործարար Նարեկ Նալբանդյանին։ Նա հայտնի է դարձել 2018-ի իշխանափոխությունից հետո՝ սկզբում ձեռք բերելով Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանած և պետությանը նվիրաբերված Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը, ապա Նալբանյանի կինը գնեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը։

Leave a Comment