2 դեկտեմբերի 2025 – 14:09 AMT
PanARMENIAN.Net – Առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանում է ներկայացրել պոտենցիալ շահառուների և սպասվող փոփոխությունների վերաբերյալ։
«Այս աշխարհում ոչ մի ձրի բան չկա, և ես չեմ ասել, որ ամեն ինչ լինելու է անվճար, բոլոր ծառայությունները։ Հակառակը։ Հստակ կերպով ներկայացրել եմ, որ լինելու է ապահովագրական փաթեթ, որը ներառելու է ծառայությունների կոնկրետ շրջանակ։ Մեր կողմից այս սկզբունքն այսպիսին է՝ ներառել բոլորին, բայց անհատի համար ոչ ամեն ինչ»,-ասել է նա՝ արձագանքելով քննադատություններին, գրում է Panorama.am-ը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը, հարց ուղղելով նախագծի հիմնական զեկուցող նախարարին, պահանջել է թվեր հնչեցնել։
«Առաջին հայացքից թվում է՝ շատ մեծ բան եք անում, չնայած ոչ մի թիվ չհնչեցրեցիք։ Ուզում եմ թվեր հնչեցնեք՝ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ քանի 65 և ավելի տարիքի թոշակառուներ են օգտվելու այս ծրագրից: Ասվում է՝ 0-18 տարեկան, բայց հիմա էլ է օգտվում այդ խումբը, նոր բան չկա, հաշմանդամության կարգ ունեցողներն էլ են օգտվում։ Ասեք՝ ձևավորված գումարների դիմաց ինչպիսի՞ ծառայություններ և բուժօգնություններ են սահմանվում»,–ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Ի պատասխան՝ նախարարը ընդգծել է, որ նախաձեռնությունը իրականում մեծ փոփոխություն է ամբողջ առողջապահական համակարգում՝ վերաիմաստավորվել են ֆինանսավորման, ծառայությունների սահմանման, ձեռքբերման և շահառուների ընդգրկման մոտեցումները։
Նա հստակեցրել է, որ Հայաստանում մինչ 18 տարեկան երեխաների թիվը մոտ 700 հազար է։
«Այո, նրանք օգտվում են պետական պատվերից։ Փոփոխվելու է նրանց ծառայությունների շրջանակը, փոխհատուցման գները։ Հայաստանում 65-ից բարձր տարիքի ավելի քան 400 հազար քաղաքացի կա։ Ահռելի մեծ թիվ է, 400 հազարից ավելի Հայաստանի քաղաքացի հնարավորություն է ունենալու օգտվել շատ անհրաժեշտ առողջապահական ծախսերից։ Ապահովագրավճարի տարեկան գումարը 129 հազար 600 դրամ է, որն ամսական կազմում է 10 հազար 800 դրամ»,–ասել է նախարարը։
Պատգամավոր Ղազարյանը հակադարձել է, նշելով, որ այդ թվերից արդեն մոտ 80 հազար քաղաքացի հաշմանդամության խումբ ունի և օգտվում է ծառայություններից, 1027-ը ունեն ֆունկցիոնալություն, իսկ 29 հազար 298 մարդ ունեն նպաստ ստանալու համապատասխան շեմ։
«400 հազարից փաստացի 100 հազար մարդ օգտվում է։ Դրա համար եմ ասում՝ թվեր հնչեցրեք»,– նշել է նա։
Ներկայացված օրինագծի համաձայն՝ ապահովագրության առաջին փուլում ընդգրկվելու են մի քանի խումբ քաղաքացիներ՝ մինչև 18 տարեկանները, 65 և բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան քաղաքացիները, որոնք ունեն հաշմանդամության կարգ կամ ֆունկցիոնալության գնահատական, ինչպես նաև սոցիալապես անապահով 28 և ավելի միավոր ունեցող անձինք։