Նիկոլ Փաշինյանի կողմ անցած, Ստեփան Ասատրյանի հրավիրած պատարագներին մասնակցած նախկին Տեր Տարոնը՝ Վարդան Հունանյանը «Hraparak.am»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ եկեղեցում վառված մոմեր չկան, պատասխանել է.
«Սիրելիներ, դուք գիտե՞ք ինչի համար են մոմ վառել և հիմա ինչի համար են մոմ վառում: Ժամանակին, երբ եկեղեցիներում լույս չկար, ժողովուրդը մոմ էին բերում վառում, որպեսզի կարողանան արարողություններ անել: Մենք եկեղեցի չենք գնում մոմ վառելու համար, այլ աղոթելու, պարզապես երբ մոմ ենք վառում, այդ կրակը մեզ տրամադրում է:
Այսօր եկեղեցում մոմավառությունը արվում է նրա համար, որպեսզի մենք մեր լուման նվիրենք եկեղեցուն՝ մոմ գնելով»,- ասել է կարգալույծ արված հոգևորականը:
Ինչ խորհորդ ունի մոմավառությունը իրականում. «Աստծու տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռևս Հին Ուխտի ժամանակներից: Աստված Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում (Ելք ԺԷ 20-21): Սուրբ Գիրքն ասում է նաև. «Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները» (Գ Թագ.Է 49): Հետագայում, երբ քրիստոնեությունը հաստատվեց աշխարհում, մոմը պահպանեց իր կիրառական և ծիսական նշանակությունը, նաև նորահաստատ քրիստոնեական Եկեղեցում:
Պետք է ասել, որ մոմն ու ճրագն ի սկզբանե նույն նշանակությամբ են օգտագործվել և ունեցել են միևնույն հոգևոր ու նվիրական իմաստը. ինչի շնորհիվ Եկեղեցին առ այսօր պահպանել է ճրագ վառելու ավանդությունը», կարդում ենք ter- hambardzum.net կայքում Խադ քահանա Ղազարյանի հեղինակած հոդվածում:
Տեր Խադ քահանան իր հոդվածում մամավառության խորհրդի հետևյալ բավատրությունն է տալիս.
«Վառվող մոմն առաջին հերթին խորհրդանշում է Քրիստոսին և ապա` քրիստոնյաներին. «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը»: ;(Հովհ. Ը 12)
Դուք եք աշխարհի լույսը… Եվ ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: «Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»: (Մատթ. Ե14-16)
Հիսուսի բերած աստվածային լույսը Սուրբ Հոգու ներգործությամբ փոխանցվեց առաքյալներին, ովքեր էլ նույն Հոգու զորությամբ և գործակցությամբ տարածեցին այն աշխարհով մեկ` լուսավորելով մեր խավար հոգիները: Այդպիսով վառվող մեկ Մոմը` Հիսուս, Սուրբ Հոգու զորությամբ վառեց բազում այլ մոմեր` քրիստոնյաներին, և այդ մոմերի հուրը չհանգավ, այլ ՙվառվելով՚ տարածվեց ու տարածվում է աշխարհում: Ուրեմն, մեր ձեռքին վառվող մոմը խորհրդանշում է հավատքի լույսը, Քրիստոսի պատվիրաններն աչքի առաջ ունենալը և դրանց կատարումը»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: