2 դեկտեմբերի 2025 – 11:39 AMT
PanARMENIAN.Net – Հովհաննավանքում ծեսի կատարմանը խոչընդոտելու, դրա նախապատրաստության, ոստիկանության ծառայողների կողմից անգործության, Ստեփան Ասատրյանի կողմից ինքնիրավչության առերևույթ փաստերի վերաբերյալ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումները կբողոքարկվեն դատական կարգով, հայտնում է «Փաստինֆոն»։
Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը կեղծ պատարագ է մատուցել՝ ՔՊ վերնախավի համար, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, այդ պատարագի «անխոչընդոտ» անցկացման համար խոչընդոտվել է հոգևորականների մուտքը՝ Հովհաննավանք և պատշաճ պատարագի, ինչպես նաև՝ կրոնական այլ ծեսերի մատուցմանը։
Փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնել է, որ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը վիճարկվել է հսկող դատախազին, դեռևս պատասխան չի ստացվել։ Փաստաբանը հայտնել է, որ Հովհաննավանքում կոնկրետ ծեսի իրականացմանը խոչընդոտելու և դրա նախապատրաստության վերաբերյալ ներկայացված հաղորդումներից բացի որոշ պաշտոնյաների կողմից անգործության վերաբերյալ է հաղորդում ներկայացվել, քանի որ տեսանյութերում էլ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցներն անգործության մատնված, կողքից դիտորդի դերում նայում, թե ինչպես են որոշ քաղաքացիներ խոչընդոտում այդ օրվա իրական պատարագիչին, ով պետք է պատարագ մատուցեր Հովհաննավանքում, ինչպես է խոչընդոտվում նրա մուտքը՝ Հովհաննավանք։ Ոստիկանությունը դիտորդի դերում էր, ավելին, որոշ դեպքերում նույնիսկ համակարգում էր․ անգամ տեսանյութերից մեկում երևում է, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններից մեկն ասում է՝ «ժամանակը չի»։
Այս պահին քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը բողոքարկման փուլում է։ Ֆանյանը նկատել է, որ դատախազությունից, թեև ակնկալիքներ չկան, բայց խողովակ է, որը սպառելուց հետո կդիմեն դատական իշխանության։
Անդրադառնալով Ասատրյանի կողմից կողպեք փոխելուն՝ Ֆանյանը նկատել է, որ Հովհաննավանքը բացառիկ սեփականության իրավունքով պատկանում է Մայր Աթոռին, կարգալույծ Ստեփան Ասատրյանի վարքագիծն այդ առումով ևս ոչ իրավաչափ է, քանի որ այս պահին տիրապետում է մի գույք, որի իրավազորությունն ինքը չունի, Մայր Աթոռն էլ՝ զրկված է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու հնարավորությունից։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կան գործընթացներ՝ պետության կողմից Հովհաննավանքի սեփականության իրավունքի վիճարկման վերաբերյալ, ապա փաստաբանը նշել է, որ տեղեկություն չունի, համացանցում շրջանառվող լուրերով՝ ԱԺ-ում օրինագիծ շրջանառվում է, թե ոչ։ Փաստաբանը չի բացառել, որ պետության կողմից կարող է ոչ իրավաչափ վարքագիծ լինել՝ Հովհաննավանքի նկատմամբ Մայր Աթոռին սեփականության իրավունքից զրկելու վերաբերյալ։
Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության համար։ Զոհրաբյանը ևս մեկ հաղորդում էր ներկայացրել՝ կրկին կրոնական ծեսի խոչընդոտման վերաբերյալ։ Նշված հաղորդումների վերաբերյալ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացվել։