Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մարզպետներին` այն եկեղեցիներում, որտեղ մասնակցել է վերջին պատարագներին, շարունակել պատարագներ կազմակերպել, մասնակցել, լուսանկարներ հրապարակել, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պատճառը, ըստ թերթի, այն է, որ Փաշինյանը ցանկանում է տպավորություն ստեղծել, թե Մայր Աթոռին հակառակ գնացած հոգևորականներին հանրությունը չի մերժում, և անգամ առանց նրա էլ մարդաշատ պատարագներ են մատուցվում, նորանոր հոգևորականներ են միանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը զեղչելու գործընթացին։
Լրատվականը հավելել է, որ այդ հրահանգով է պայմանավորված այն, որ նոյեմբերի 30-ին, երբ Փաշինյանը Երևանում Սուրբ Սարգիս եկեղեցում էր պատարագի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզպետները լուսանկարներ էին հրապարակել, որ մասնակցել են, մեկը` Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու, մյուսը՝ Հովհաննավանքի պատարագներին։
Ըստ թերթի՝ Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր «մեկ մարդու պես ներկա լինել» Սուրբ Սարգիսում պատարագին, սակայն միևնույն է` բացակաների թիվը շատ մեծ էր, ինչը զայրացրել է նրան:
Վարչապետն ամիսներ է՝ պնդում է, որ կաթողիկոսը զավակ ունի և պետք է հեռանա Մայր Աթոռից։ Այս ընթացքում նա մասնակցում է այն հոգևորականների պատարագներին, ովքեր կարգալույծ են կամ եկեղեցու վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել, նաև չեն հնչեցնում կաթողիկոսի անունը պատարագի ընթացքում:
Նոյեմբերի 27-ին նա հանդիպել էր եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի համար դատապարտող հայտարարությունը:
Հանդիպմանը մասնակցել էին արքեպիսկոպոսներ Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը, Նավասարդ Կճոյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։
Արքեպիսկոպոս Խաչատրյանը դեկտեմբերի 1-ի ասուլիսին հերքել էր, որ իրեն վերագրվող տեսանյութում պատկերված անձն ինքը չէ:
Կարդացեք նաև՝
