Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպես անել, որ ձևավորի «Քաղաքացիական պայմանագրի» իր համար ցանկալի նախընտրական ցուցակն առանց օրենքի շրջանցման, գրում է «Հրապարակ»-ը:
Որպես օրինակ թերթը նշել է, որ Փաշինյանը կցանկանար իր խորհրդական Լիլիթ Մակունցը կամ պատգամավոր Մարիա Կարապետյանն առաջին հորիզոնականներում լինեն, ինչը թիմում բացառում են, եթե համաժողովն ընտրի, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և էլի մի քանիսը հետին հորիզոնականներում հանգրվանեն, որ այլևս բարձր պաշտոնի չհավակնեն։
ՔՊ-ում նոյեմբերի 30-ին է ավարտվել պատգամավորության թեկնածուների առաջադրումների ժամկետը։ «Կուսակցությունների մասին» օրենքով ցուցակի առաջին 30 հոգուն ընտրում է կուսակցության համաժողովը:
Հինգշաբթի ՔՊ նախաձեռնող խմբի նիստում, թերթի տվյալներով, ցուցակի կազմման հարցն է քննարկվել. Փաշինյանը թիմակիցներին առաջարկել է կարծիքներ, առաջարկներ հնչեցնել, և առայժմ որոշում չի կայացրել, թե որ տարբերակն է աշխատելու։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ իշխող կուսակցության ցուցակում առաջադրվել են նաև փոքրամասնությունների ներկայացուցիչները: Սա ևս օրենքի պահանջ է:
Այսպես նախընտրական ցուցակում են այժմ պատգամավորներ, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, քրդական համայնքի ներկայացուցիչ, 80-ամյա Կնյազ Հասանովը, որը ՀՀԿ-ի նախկին պատգամավոր է:
Առաջադրվել է նաև ասորական համայնքի ներկայացուցիչ Արսեն Միխայլովը, որը 6 և 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր էր կրկին ՔՊ խմբակցությունից, նախկինում՝ ՀՀԿ-ից, հավելել է պարբերականը:
Բաքոյանից բացի, մնացյալ երեքը անկուսակցական են ու ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրվելու համար 1,5 միլիոն դրամ գումար են վճարել:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան 2026թ. հունիսին:
