Տարածքային հարցն ամենաբարդն է․ Զելենսկին՝ խաղաղության բանակցությունների մասին

Ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկումները, ըստ էության, տարվում է երեք թեմայի շուրջ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Անկեղծ կլինեմ, տարածքային հարցն ամենաբարդն է։ Վերակառուցման միջոցների հարցը, իմ կարծիքով, առանց եվրոպացի գործընկերների ներկայության, դժվար և բարդ է, քանի որ գումարը Եվրոպայում է։ Կարծում եմ՝ դա շատ արդարացի չէ։ Եվ անվտանգության երաշխիքների հարցը, որը շատ կարևոր է։ Մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպայից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա նշել է, որ պատվիրակությունը քննարկել է այս հարցերը 6,5 ժամ, ինչի արդյունքում խաղաղության ծրագրի նախագիծն «ավելի լավ տեսք է ստացել»։

Ուկրաինա-ամերիկյան բանակցությունները տեղի էին ունեցել Ֆլորիդայում։ Կիևի պատվիրակությունը գլխավորել էր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Նրա խոսքով՝ կողմերն զգալի առաջընթաց են գրանցել, չնայած մի շարք հարցեր դեռևս լուծված չեն։ Ամերիկյան կողմը ներկայացրել էին նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Նոյեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ուիտկոֆը բանակցությունների նպատակով կգործուղվի Մոսկվա։ Նա նշել էր, որ սկզբնական 28 կետանոց ծրագիրը լրամշակվել է, և մնացել է միայն մի քանի կետ, որոնց վերաբերյալ կան անհամաձայնություններ։

Վաշինգտոնն առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում: Որոշ կետեր վերաբերում են ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակին և ուկրաինական ուղղափառ եկեղեցուն: Փաստաթուղթը նաև անվտանգության երաշխիքներ է տրամադրում Ուկրաինային:

Leave a Comment