Ֆրանսիական «Նիցցա» ակումբի երկրպագուները հարձակվել են թիմի կիսապաշտպան Ժերեմի Բոգայի և հարձակվող Տերեմաս Մոֆիի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Լիգա 1-ի 14-րդ տուրի՝ «Լորյանի» դեմ խաղում կրած պարտությունից հետո (1:3), հայտնում է Footmercato-ն։
Ըստ աղբյուրի՝ արտագնա խաղերից հետո ֆուտբոլիստները վերադարձել են ակումբի մարզաբազա, որտեղ նրանց սպասելիս են եղել մոտ 400 զայրացած երկրպագուներ։ Ֆանատները նախ վանկարկումներով պահանջել են գլխավոր մարզիչ Ֆրանկ Էզի հրաժարականը, այնուհետև անցել են ագրեսիվ գործողությունների. սկսել են վիճաբանել, թքել և հարվածել ֆուտբոլիստներին։ Ամենաշատը տուժել են հենց Բոգան և Մոֆին։
Նշենք, որ այս պարտությունից հետո «Նիցցան» 17 միավորով ընթանում է 10-րդ հորիզոնականում։ Եվրոպայի լիգայում ֆրանսիական թիմի վիճակն էլ ավելի վատ է. նրանք զբաղեցնում են վերջին՝ 36-րդ տեղը՝ չունենալով ոչ մի միավոր: