«Շատ դաժան են դարձել․ օրենքները, ամեն ինչ փոխվել է»․ Եվրոպայում ապաստան հայցողների կյանքը՝ անորոշության ու սպասումների մեջ

Եկեղեցու հոգեհանգստի սրահում Արմինեն բռունցքներն այնպես էր սեղմել, որ չարտասվեր․ եղունգները խրվել էին ափերի մեջ․ «Ուզում էի գոռալով լաց լինել, բայց ոչ ոք չգիտեր, որ մայրս է․ եթե լացեի, սոցիալական աշխատողները կկասկածեին, և հորս Ֆրանսիայում մնալը կվտանգվեր։ Մորս ու հորս բերել էի բուժման և ապահով կյանքի հույսով, բայց նրանց գործերը մերժվեցին, ու այդ ամբողջ տարին անցավ դռնեդուռ շրջելով։ Մեղավոր եմ զգում նրանց տառապանքների համար»։

Ֆրանսիայի հյուսիսարևելյան մի քաղաքում, որտեղ վերջին երկու տասնամյակում հազարավոր հայեր էին ապաստան խնդրել, Արմինեն հրաժեշտ տվեց մորը։ Մի քանի ամիս անց հորը զրկեցին ժամանակավոր կացարանից և հանձնեցին արտաքսման թուղթը՝ Հայաստանում հետապնդման մասին նրանց պատմությունը ոչ արժանահավատ համարելով։

Արմինեն ասում է, որ նախկինում Ֆրանսիան մարդասիրական վերաբերմունք էր ցուցաբերում ու նման պատմություններին հավատում էին, մինչդեռ այսօր ամեն ինչ փոխվել է։ «Շատ դաժան են դարձել, օրենքները փոխվել են, ամեն ինչ փոխվել է։ Ծանոթներ ունեմ, որ ամիսներով երեխաների հետ փողոցում են գիշերում․ չեն դիմանում ու վերադառնում են Հայաստան, որովհետև այլևս չեն կարողանում փախստականի կարգավիճակ ստանալ»,– ասում է նա։

Ֆրանսիան տարիներ շարունակ եղել է հայաստանյան միգրանտների ամենապահանջված ուղղություններից մեկը՝ սոցիալական ապահովության, կացարանի և անվճար բուժօգնության հասանելիության շնորհիվ։ Սակայն 2023–2024 թթ․ հայերի ներկայացրած ավելի քան հազար ապաստանի դիմումներից մոտ 95–97 տոկոսը մերժվել է․ Ֆրանսիան Հայաստանը ներառել է «անվտանգ երկրների» ցանկում, ինչը գրեթե զրոյացրել է փախստականի կարգավիճակ ստանալու հնարավորությունը։

Խստացած քաղաքականությունների հետևանքով հազարավոր հայաստանցիներ ամիսներով սպասում են ժամանակավոր կացարաններում կամ էլ ուղղակի փողոցում։ Ֆրանսիան նաև դարձել է հայերի նկատմամբ վերադարձի ամենաշատ որոշումներ կայացնող երկրներից մեկը, և շատերը, չդիմանալով քաշքշուկին ու սոցիալական աջակցության նվազեցմանը, ի վերջո վերադարձվում կամ կամավոր վերադառնում են Հայաստան։

ՄԱԿ-ի 1951 թ․ Ժնևի կոնվենցիայով փախստական է համարվում այն անձը, որ իր ռասայի, կրոնի, ազգության, սոցիալական խմբի կամ քաղաքական հայացքների պատճառով հետապնդվելու հիմնավոր վախ ունի և չի կարող կամ չի ցանկանում վերադառնալ իր երկրին։ Այս կոնվենցիան վավերացրել է ավելի քան 140 պետություն, այդ թվում՝ Հայաստանը։

ՀՀ քաղաքացիների ապաստանի հայցերի 96 %-ը մերժվում է

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը նշում է, որ Հայաստանից անօրինական միգրացիայի հիմնական պատճառներն առողջական և տնտեսական խնդիրներն են, և շատերը բերնեբերան պատմությունների ազդեցությամբ չեն պատկերացնում, թե ինչ բարդ իրավական ճանապարհ է իրենց սպասում։

«Անօրինական միգրացիայի կանխարգելումը մշտական և շարունակական գործընթաց է, և չի կորցնի իր արդիականությունն այնքան ժամանակ, քանի դեռ մենք ունենք 96% մերժելիություն։ Դրական արձագանք ստացած 4 տոկոսը հիմնականում հումանիտար պաշտպանություն են ստանում։ Դիմումների հիմքերը, որոնցով մարդիկ հայցում են փախստականի կարգավիճակ, չեն հաստատվում․ դրանք հիմնված են Հայաստանում մարդու իրավունքների ինստիտուցիոնալ խախտումների կամ հետապնդման երկյուղի վրա, ինչը բնականաբար չի հաստատվում։ Ստացվում է իրավիճակ, երբ երկարաժամկետ բնակություն ցանկացող մեր քաղաքացիները, չունենալով այլ ելք, սկսում են չարաշահել ապաստանի ինստիտուտը»,– ասում է Դավթյանը։

Նա հավելում է, որ մինչև հայցի քննությունը մարդիկ ստանում են անվճար առողջապահական ու սոցիալական աջակցություն, երբեմն նաև կացարան, ինչը «տնտեսական խայծ» է դառնում և ուժեղացնում է անօրինական միգրացիայի հոսքերը։ Շատերին թվում է, թե եվրոպական պետությունները երկարաժամկետ կեցություն կամ անվճար փաթեթներ են տրամադրում, մինչդեռ իրականում գործընթացները տարիներ են տևում և հաճախ ավարտվում են մերժմամբ։

Թվերը, որ մարդիկ են

Առանց իրավական կարգավիճակի ԵՄ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելուց առաջ ընդունող երկիրը նախ ռեադմիսիոն հայց է ուղարկում Հայաստան՝ ճշտելով տվյալ անձի նույնականացման հետ կապված տվյլաներ։ Վերջին 10 տարիներին, ավանդաբար, ամենից շատ ռեադմիսիոն հայցեր ստացվել են Գերմանիայում հայտնված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ 2015-2024 թթ․–ին Գերմանիայից ստացվել է 3588 ռեադմիսիոն հայց՝ 6787 անձի վերաբերյալ։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է։ Անօրինական միգրանտների արտաքսումների պատկերը նույնական է․

«Այս մասով երկու կարևոր փոփոխություն ունենք․Առաջինը ԵՄ միգրացիոն և ապաստանի պակտն է, որը միջազգային հարթակներում եռուն քննարկումների փուլում է, և ուժի մեջ է մտնելու 2026 թ․-ի կեսին, և երկրորդը՝ արդեն ազգային մակարդակում, Վիզաների ազատականացման համատեքստում գործողությունների ծրագիրն է։ Պակտի դեպքում խոսքը մի շարք նոր մոտեցումների մասին է, որոնք, ըստ էության, խստացնում են ԵՄ միգրացիոն քաղաքականությունը․ դիցուք Գերմանիան հարկադիր վերադարձի որոշում է կայացրել որևէ անձի վերաբերյալ։ Ըստ պակտի՝ տվյալ անձը այլևս չի կարող ապաստան հայցել ԵՄ մեկ այլ երկրից։ Սա նշանակում է, որ ԵՄ անդամ մեկ երկրի կայացրած որոշումը վավեր է մյուս բոլորի համար»,– ասում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը։

Դավթյանն ասում է՝ այս և նման ունիվերսալ որոշումները շատ կարևոր են՝ հաշվի առնելով անօրինական միգրացիայի դիմած քաղաքացիների այն մտայնությունը, որ, եթե ապաստանի հայցը մերժվի մեկ երկրում, իրենք կարող են դիմել երկրորդ, երրորդ երկրի և ստանալ ապաստան։ Անվերջ տեղափոխությունների այս շղթայում հաճախ ծնվում են երեխաներ, ինչն անգամներ բարդացնում է ընտանիքի իրավիճակը, ի հեճուկս ընդունված կարծիքի, որ երեխան ամրակայում է տվյալ երկրում ապաստան ստանալու հնարավորությունները․

«Իրականում, պատկերը բոլորովին այլ է․ նոր ծնված երեխան, որի ծնողները կեղծել են անձը հաստատող փաստաթղթերը, որևէ երկրի տվյալների բազայում չի նույնականացվում, և ստացվում է, որ տվյալ երեխայի վերաբերյալ, ի տարբերություն ընտանիքի մյուս անդամների, անգամ վերադարձի որոշում չի կայացվում, որովհետև պարզ չէ, թե որ պետության որ քաղաքացու զավակն է նա։ Հենց այդ պատճառով էլ գործ ենք ունենում իրավիճակների հետ, երբ հարկադիր վերադարձի պատճառով ընտանիքը բաժանվում է երեխայից, կամ հայտնվում սարսափելի բյուրոկրատական քաշքշուկի մեջ՝ փորձելով վերականգնել փաստաթղթային հիմքերը»,– բացատրում է Նելլի Դավթյանը։

Երկրորդ կարևոր կետը, որի մասին խոսվում է պակտի մեջ, այսպես կոչված «վերադարձի հաբ»–երն են՝ տարբեր երկրներում ստեղծվող կենտրոնները, որտեղ տեղափոխվելու են անձինք, որոնց վերաբերյալ կա վերադարձի որոշում, բայց ում հնարավոր չէ վերադարձնել իր ծագման կամ մշտակության բնակության երկիր։ 

ԵՄ-ի «Ապաստանի և Միգրացիայի 2024 թվականի համառոտ դիտարկում» (Asylum and Migration Overview 2024) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը 2024-ին եղել է այն երրորդ երկրների շարքում, որոնց հետ ԵՄ-ն խստացրել է վերադարձի և ռեադմիսիայի տարվող քաղաքականությունը։ Զեկույցում նշվում է․ «2024-ին առաջնահերթ է դարձած վերադարձի համագործակցությունը հատկապես ակտիվ էր Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի հետ»։

Նույն ուսումնասիրության համաձայն՝ մի քանի ԵՄ երկրներ 2024-ին վերանայել են «անվտանգ ծագման երկրների» ցանկերը և պահպանել են Հայաստանի ներառվածությունը այդ ցուցակում, ինչը ավտոմատ նվազեցնում է հայաստանցիների՝ ապաստան ստանալու շանսերը։

2019 թ․-ին ԵՄ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ կայացվել է 3755 վերադարձի որոշում, 2023-ին՝ 2860 որոշում, բայց դրանց միայն 23.6 %-ն է կատարվել։ Մյուսները կա՛մ շարունակել են ապրել տվյալ երկրում՝ առանց օրինական կարգավիճակի, կա՛մ տեղափոխվել են այլ երկիր՝ երբեմն նաև կեղծելով անձը հաստատող փաստաթղթերը։

ԵՄ-ից 2021 թ․-ին վերադարձել է 550 մարդ՝ 2,530 հեռանալու որոշում ստացածներից, 2022 թ․–ին՝ 817 ՀՀ քաղաքացի, 2023 թ․-ին՝ 680 մարդ՝ հեռանալու որոշում ստացած 2,860 մարդուց։ 2023–24 թթ․-ին վերադարձման ամենաշատ որոշումները կայացվել են Ֆրանսիայում, Գերմանիայում և Բելգիայում։

Հայաստան փաստացի վերադարձած անձանց մասին ամբողջական տվյալներ չկան։ 

«Միշտ չէ, որ մարդկանց հարկադիր վերադարձը տեղի է ունենում երկկողմ համաձայնագրերի հիման վրա։ Յուրաքանչյուր պետություն ունի սուվերեն իրավունք՝ իր երկրում գտնվող անօրինական միգրանտին դեպորտացիայի ենթարկելու՝ այդ թվում հարկադրելով, որ անձը վերադառնա իր քաղաքացիության կամ ծագման երկիր»,– ասում է Դավթյանը։

Ինչո՞ւ են հայերին արտաքսում

ՀՀ քաղաքացի անօրինական միգրանտներին վերադարձնում են հայրենիք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը շատ երկրների համար համարվում է ապահով երկիր։ Օրինակ Նիդերլանդները, Ավստրիան, Կիպրոսը, իսկ 2024 թ․-ից հետո նաև Ֆրանսիան Հայաստանը դասել են ապահով երկրների ցանկին, ուստի համարում են, որ մարդու իրավունքների ինստիտուցիոնալ խախտումներ այստեղ չեն լինում։ Ավելին՝ մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում իր ռասայի, կրոնի, ազգության, որոշակի սոցիալական խմբի պատկանելիության և քաղաքական հայացքների պատճառով։ Ավանդաբար, հայերին ամենից հաճախ արտաքսում են Գերմանիայից, որն, ի դեպ, Հայաստանը ապահով չի համարում, բայց լրջորեն խստացրել է իր միգրացիոն քաղաքականությունը 2018 թ․–ից հետո։ Վերջին երկու տարիներին երկրորդ տեղում Ֆրանսիան է։ 

34-ամյա Հակոբը յոթ տարի առաջ է ընտանիքով տեղափոխվել Ֆրանսիա։ Նրա երկու դուստրերն արդեն Ֆրանսիայում են ծնվել։ Ընտանիքը բնակվում է Ստրասբուրգում․ ասում է՝ որոշակի օգնություն, ի տարբերություն շատերի, ստանում են, սակայն այն չի բավականացնում առօրյա կարիքները հոգալուն։ Հակոբը աշխատում է «սևով», այսինքն՝ անօրինական, որպեսզի կարողանա պահել ընտանիքը, բայց ասում է, որ էլ ոչ մի ապագայի հույս Ֆրանսիայում չունեն: 

«Օրենքներն անընդհատ փոխվում են, դրա համար էլ փաստաթուղթ չեն տալիս։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Ուկրաինայից եկածներին առաջնահերթ են տեղավորում։ Մենք էլ արդեն չորս անգամ բնակության վայր փոխելու ծանուցում ենք ստացել։ Հոգնել ենք այս անորոշությունից»,– ասում է նա՝ հավելելով, որ որոշել են դիմել կամավոր վերադառնալու ծրագրին եւ վերադառնալ Հայաստան՝ «կփորձենք աշխատել, նորից սկսել։ Ծանր է, բայց գոնե մեր երկրում կփորձենք կյանքը կարգի բերել»։

Ո՞վ և ինչպե՞ս է աջակցում արտաքսվածներին

Մինչև 2023 թ․–ը հարկադիր վերադարձողների աջակցության ծրագիր իրականացնում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունը։ Պետությունը հայրենիք հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին բնակարաններ վարձակալելու համար սուբսիդիա կտրամադրի՝ 60.000 դրամի չափով և 6 ամիս տևողությամբ։  Աջակցության այս տեսակը նախատեսված էր դիմողներից միայն 38 շահառուի համար։ Սահմանված էր նաև տեղեկատվական աջակցություն, ժամանակավոր կացարանի ապահովում, առողջապահական խնդիրների լուծման նպատակով ուղղորդում,  ինչպես նաև՝ խոցելի խմբերի՝ իրենց կարիքներին համապատասխան աջակցություն տրամադրող հաստատություններում տեղավորվելու և խնամք ստանալու նպատակով ուղղորդում։

2022 թ․–ին վերադարձած անձանց 92 %-ը կամավոր են վերադարձել և դիմել են վերաինտեգրման ծրագրերին։ Նրանց 69 %-ը ստացել է սոցիալական աջակցություն, 27 %-ը՝ բիզնես աջակցություն, 4 %-ը՝ զբաղվածության աջակցություն։ 2023 թ․–ից հետո այս գործառույթը փոխանցվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Բացի պետական ծրագրերից՝ Հայաստանում աջակցության ծրագրեր են իրականացնում նաև «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, «Հայկական Կարիտասը», ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Միգրացիոն քաղաքականությունների մշակման միջազգային կենտրոնը և այլն։

Վերաինտեգրել, թե՞ կանխարգելել

Վերաինտեգրման բոլոր այս ծրագրերը, սակայն, կարծես անիմաստ են։ Հայերը շարունակում են անօրինական ճանապարհով ապաստան գտնել ԵՄ տարածքում՝ չնայած օրեցօր խստացող միգրացիոն քաղաքականություններին։

«Կարծում եմ՝ մեր հիմնական խնդիրն այն է, որ անօրինական միգրացիայի դեպքում ավանդաբար ավելի մեծ ուշադրության արժանացել են վերաինտեգրման ծրագրերը, քան կանխարգելման։ Ես համարում եմ, որ մենք երբեք լավ չենք կանխարգելել։ Քանի դեռ միջին վիճակագրական քաղաքացին մշտական բնակության վայրը փոխելու ամենառեալիստական տարբերակը տեսնում է «հանձնվելու» ինստիտուտի մեջ, ուրեմն մենք լավ չենք իրազեկել։ Երբ մենք կհասնենք այնպիսի վիճակի, երբ նույն միջին վիճակագրական քաղաքացին կհասկանա, որ այլ երկրում ապաստան հայցելը ռիսկային է, հղի է ծանր հետևանքներով, և այդուհանդերձ կորոշի դիմել անօրինական միգրացիայի, եկեք կենտրոնանանք վերաինտեգրման ծրագրերի վրա, իսկ մինչ այդ մենք շատ անելիք ունենք դեռ։ Եթե ուզում ես կանխարգելել սեփական քաղաքացիների ելքը՝ մշտական բնակության նպատակով, ապա պետք է ունենաս այնպիսի առողջապահական համակարգ, որ այլ երկրինն ավելի գրավիչ չթվա։ Այնպիսի տնտեսություն, աշխատաշուկա և էկոհամակարգեր ունենաս, որ այլ պետություններում այդ ձգող գործոնները խամրեն։ Միայն այդ դեպքում անձը խելամտորեն կշեռքի երկու նժարներին կդնի այն ինչ ունի սեփական երկրում և այլ երկրներում»,– ասում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ 

Ըստ նրա, վերաինտեգրման չափազանց որակյալ ծրագրերն անուղղակիորեն նաև նոր խնդիրներ են խթանում։ Երբ որևէ մեկը տեսնում է, որ իր հարևանը անհաջող միգրացիոն փորձառություն է ունեցել, հարկադիր վերադարձվել է հայրենիք, իսկ պետությունը նրան աջակցել է, և նա նոր բիզնես է սկսել, իր համար հայրենիքը լքելու որոշումն առավել հեշտ է դառնում, որովհետև հասկանում է, որ շատ բան չի կորցնի, անգամ, եթե գնացած երկրում չհաջողի․

«Շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան՝ պետությունն, իհարկե, իրենց կողքին կլինի, երբ իրենք վերադառնան։ Իրենք չեն ունենա սահմանը հատելու, հասարակությունից մեկուսանալու կամ անտեսված լինելու, բայց նաև պետք է հասկանան, որ միգրացիոն այդ փորձառությունն այդքան չարժե»,– ասում է Դավթյանը։

28-ամյա Արամը, որ մի քանի ամիս է ինչ վերադարձել է Ֆրանսիայից, գալիս է լրացնելու Դավթյանի խոսքեր, ասում է, որ մեկուկես տարի Ֆրանսիայում անցկացրած ժամանակն իր կյանքի ամենավատ օրերն էին. 

«Գիտեի, որ բարդ է լինելու, բայց չէի պատկերացնում, թե խոսքը ինչ դժվարությունների մասին է, անընդհատ լարվածությունը, օգնություն չկա, աշխատանք չէի կարողանում գտնել, անտունի կյանքով էի ապրում, երբ Հայաստանում կարող էի նորմալ ապրել, լեզու էլ չգիտեի: Գեղեցիկ երկիր, բարձր աշխատավարձ, գեղեցիկ կյանք, որ միայն հեռվից է գեղեցիկ։ Մի սիրուն օր հասկացա, որ էլ հերիք է ու վերադարձա, չեմ էլ ուզում հիշել բոլոր նվաստացումները, որ անցա այդ երկրում»: 

Սոնա Մարտիրոսյան

Նկարազարդումը՝ «Մեդիալաբ»

MediaLab.am

Leave a Comment