«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին պատմել է, թե ինչպես է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը վերաբերվում իր ծխելու սովորությանը։
«Վերջերս մարզչի հետ նստած էինք շոգեբաղնիքում, և ես հարցրի նրան՝ ինչ է մտածում այդ մասին։ Մարզիչը պատասխանեց, որ կարևորն այն է, թե ինչ եմ անում խաղադաշտում։ Նա ասաց. «Եթե դու սուպերպրոֆեսիոնալ ես, կարող ես ծխել նույնիսկ պարգևատրման արարողության ժամանակ»,- լեհ դարպասապահի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հետաքրքիր է, որ այս սովորության պատճառով Շչեսնին նախկինում լուրջ խնդիրներ է ունեցել։ 2015 թվականին, երբ նա հանդես էր գալիս Լոնդոնի «Արսենալում», Արսեն Վենգերը նրան հեռացրել էր մեկնարկային կազմից։ Միջադեպը տեղի էր ունեցել «Սաութհեմփթոնից» կրած պարտությունից (0:2) հետո, երբ դարպասապահը ծխել էր հանդերձարանի ցնցուղարանում։ Դրանից կարճ ժամանակ անց նա վարձավճարով տեղափոխվել էր «Ռոմա»։
Հիշեցնենք, որ Շչեսնին կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2024 թվականի օգոստոսին, սակայն հոկտեմբերին վերսկսեց այն՝ միանալով կատալոնական ակումբին։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 9 հանդիպման և բաց թողել 17 գնդակ։