«Բարսելոնայի» հրաշամանուկ Լամին Յամալն արդեն սովոր է, որ իր յուրաքանչյուր քայլը՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս, մանրակրկիտ ուսումնասիրվում է։ Պատանի ֆուտբոլիստը չի խուսափում լուսարձակներից, նույնիսկ երբ ուշադրությունը երբեմն անցանկալի է դառնում, և խոստովանում է, որ վայելում է համաշխարհային գերաստղի կարգավիճակը։
Թեև Յամալը 18 տարեկան դարձավ միայն 2025 թվականի ամռանը, նա արդեն փորձառու խաղացող է ամենաբարձր մակարդակում: 15 տարեկանում մեծ ֆուտբոլ մուտք գործելուց հետո նա «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հետ նվաճել է Լա Լիգայի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները, ինչպես նաև արժանացել «Kopa Trophy» և «Golden Boy» մրցանակներին:
Լիոնել Մեսսիի հետ համեմատությունները անխուսափելի են, թեև փորձեր են արվում մեղմել այդ խոսակցությունները: Յամալից ակնկալում են, որ նա կդառնա պատմության մեծագույններից մեկը: CBS-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ արդյոք իրեն խանգարո՞ւմ է գերաստղ լինելը և միլիոնավոր մարդկանց ուշադրության կենտրոնում գտնվելը, նա նշել է.
«Անկեղծ ասած՝ ոչ, չի խանգարում։ Իրականում, ինձ դա դուր է գալիս»։
Յամալը վաղ տարիքից գիտեր՝ ինչպես ոտքի հանել երկրպագուներին: Նա պատմել է, թե որտեղ է սովորել զվարճացնել հանդիսատեսին.
«Այնտեղ, որտեղ ես խաղում էի՝ իմ թաղամասում, կային պատեր, որոնց վրա մարդիկ նստում էին: Չկար ավելի լավ զգացողություն, քան այն, երբ ստիպում էի այդ մարդկանց ոտքի կանգնել և ծիծաղել մրցակիցների վրա: Կարծում եմ՝ դա աշխարհի լավագույն զգացողությունն է: Եվ հիմա, երբ խաղադաշտում եմ, և երկրպագուները ոտքի են կանգնում՝ զարմացած իմ խաղից, դա ինձ շատ է հիշեցնում այդ օրերը»:
Խոսելով ազատության և խաղից հաճույք ստանալու մասին՝ Յամալը նշել է.
«Ես ճնշում չեմ զգում ֆուտբոլ խաղալիս: Պարզապես փորձում եմ վայելել այն: Կարծում եմ՝ իմ ընկերներն ու ընտանիքը ավելի դժվար բաների միջով են անցել, քան ես՝ պարզապես ֆուտբոլ խաղալով: Ֆուտբոլն ինձ համար ամեն ինչ է: Դա իմ կյանքի առաջին սերն է և այդպես էլ կմնա: Իմ ծնողները իրական ճնշման են բախվել երիտասարդ տարիքում: Ընտանիք պահելը, աշխատելը, երջանիկ լինելը և նվերներ գնելը… ահա դա է ինձ համար իրական ճնշումը»:
Թեև խաղադաշտում նա վախ չունի, Յամալը խոստովանում է, որ երբեմն դժվար է դիմանալ դաշտից դուրս մշտական քննարկումներին: 2025-ին նրա անունը հաճախ էր հայտնվում մամուլում՝ կապված ծննդյան խնջույքի և արգենտինացի ռեփեր Նիկի Նիկոլի հետ հարաբերությունների հետ:
«Դժվար է պահել ինձ որպես նորմալ 18 տարեկան տղա: Նույնիսկ եթե ցանկանայի, երբեք չէի կարողանա: Ցանկացած երեխա դպրոցից տուն է գնում, իսկ ես գնում եմ մարզման, երբ տանս դիմաց լուսանկարիչներ են, իսկ փողոցում՝ իմ անունով մարզաշապիկներով երեխաներ: Կուզենայի գնալ ռեստորան և ուտել սովորական մարդու պես, բայց չեմ կարող, քանի որ մարդիկ միշտ կանգնեցնում են ինձ: Դա նորմալ է, քանի որ ես հայտնի եմ: Ուստի փորձում եմ ավելի պարզ բաներ անել՝ այցելել մորս, եղբորս կամ վիդեոխաղեր խաղալ»:
Այնուամենայնիվ, Յամալը հպարտանում է, որ ոգեշնչման աղբյուր է դարձել շատերի համար.
«Մարդիկ ինձ ասում են, որ իմ պատճառով են սկսել կրկին ֆուտբոլ նայել: Մայրս հիմա նայում է բոլոր խաղերը: Մարդիկ դադարել էին ֆուտբոլային մարզաշապիկներ հագնել դպրոցում, բայց հիմա այդ միտումը վերադարձել է: Նույնիսկ զբոսաշրջիկները այստեղ՝ Բարսելոնայում, գնում են «Բարսայի» մարզաշապիկը՝ մեջքին 10 համարով: Դա ինձ ստիպում է գիտակցել շատ բաներ»:
Յամալը վճռական է՝ թույլ չտալ, որ աղմուկը իրեն կլանի, և կարևորում է հիշելը՝ որտեղից է եկել և ուր է ուզում հասնել: