Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) նոր կանոն է մշակել, որը փորձնական կարգով կիրառվելու է այսօր Կատարում մեկնարկող Արաբական պետությունների գավաթի խաղարկությունում (FIFA Arab Cup): Նպատակը մեկն է՝ պայքարել սիմուլյացիաների և ժամանակի արհեստական ձգձգման դեմ՝ ավելացնելով մաքուր խաղաժամանակը։
Ինչպե՞ս է գործելու կանոնը
Համաձայն արձանագրության՝ այն ֆուտբոլիստը, որին բժշկական օգնություն է անհրաժեշտ, պետք է հնարավորինս արագ լքի խաղադաշտը՝ բուժօգնություն ստանալու համար։ Նա խաղադաշտ վերադառնալու իրավունք կստանա միայն 2 րոպե անց։
Սա նշանակում է, որ այդ ընթացքում նրա թիմը մնալու է փոքրամասնության մեջ։ Ժամանակի հաշվարկը սկսվում է խաղի վերսկսման պահից։ Վերադարձի թույլտվությունը տալիս է գլխավոր մրցավարը կամ չորրորդ պաշտոնյան։
Մինչ բժիշկների դաշտ դուրս գալը, մրցավարը կարող է ճշտել ֆուտբոլիստից՝ արդյոք նա իսկապես բժշկական միջամտության կարիք ունի։ Մրցավարներին հրահանգված է ամեն անգամ ֆուտբոլիստներին հիշեցնել «2 րոպեի» կանոնի մասին, որպեսզի վերջիններս գնահատեն բժիշկներին կանչելու իրական անհրաժեշտությունը։
Բացառությունները
Նոր կանոնն ունի մի շարք նրբություններ և բացառություններ, երբ ֆուտբոլիստը պարտավոր չէ լքել դաշտը կամ սպասել 2 րոպե.
- Դարպասապահներ. Նրանց դեպքում կանոնը չի գործում, սակայն մրցավարները պարտավոր են խաղակեսի վերջում ավելացնել դարպասապահի բուժօգնության վրա ծախսված ժամանակը։
- Քարտի արժանացած խախտում. Եթե ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մրցակցի այնպիսի խախտման հետևանքով, որի համար մրցավարը ցույց է տվել դեղին կամ կարմիր քարտ։
- 11-մետրանոց. Եթե բուժօգնություն է պահանջվում այն ֆուտբոլիստին, որը պետք է իրացնի նշանակված 11-մետրանոց հարվածը։
- Թիմակիցների բախում. Եթե բախվել են նույն թիմի երկու ֆուտբոլիստներ։
- Բախում դարպասապահի հետ. Եթե բախումը տեղի է ունեցել մրցակցի դարպասապահի հետ։
- Արագ դուրս գալը. Եթե ֆուտբոլիստը վնասվածքից հետո շատ արագ լքել է դաշտը և խաղի էական կանգառ չի առաջացրել, նա կարող է խուսափել 2 րոպեանոց «պատժից»։
- Փոխարինում. Եթե վնասվածք ստացած ֆուտբոլիստը փոխարինվում է, 2 րոպե սպասել պետք չէ։
Արաբական պետությունների գավաթի 2025 թ. խաղարկությունը անցկացվում է Կատարում՝ դեկտեմբերի 1-ից 18-ը։ Մասնակցում է 16 հավաքական՝ բաժանված 4 խմբի (Կատար, Թունիս, Սիրիա, Պաղեստին, Մարոկկո, Սաուդյան Արաբիա, Օման, Կոմորյան կղզիներ, Եգիպտոս, Հորդանան, ԱՄԷ, Քուվեյթ, Ալժիր, Իրաք, Բահրեյն, Սուդան)։