Պաշտոնական. Փաշիկ Ալավերդյանը հեռացավ. հայտնի է ծանրամարտի հավաքականի նոր գլխավոր մարզիչը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտարարել է ազգային հավաքականների մարզչական շտաբներում կատարված լայնածավալ փոփոխությունների մասին։ Որոշումը պայմանավորված է գալիք կարևորագույն ստուգատեսներով՝ 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությամբ և դրան հաջորդող Օլիմպիական խաղերով։

Հավաքականի երկարամյա գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լքել է զբաղեցրած պաշտոնը։ Նրան փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը։ Մեծահասակների հավաքականի երկրորդ մարզիչ է նշանակվել Դավիթ Մուրադյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր երիտասարդական հավաքականի երկրորդ մարզչի պաշտոնը։

Փոփոխություններ են տեղի ունեցել նաև տարիքային մյուս հավաքականներում.

Երիտասարդներ. Հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանին փոխարինել է Վիգեն Խաչատրյանը (նախկինում՝ կանանց հավաքականի երկրորդ մարզիչ): Երկրորդ մարզիչ է նշանակվել Վահրամ Գևորգյանը։

Պատանիներ. Հավաքականի երկրորդ մարզիչ է նշանակվել Արսեն Թամրազյանը։

Պատանի աղջիկներ. Ավագ մարզչի պաշտոնը վստահվել է Քրիստինե Պետրոսյանին։

Ֆեդերացիայի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին՝ կատարած աշխատանքի համար։

Առաջիկա օրերին Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով՝ մանրամասնելով կադրային փոփոխությունների պատճառներն ու նպատակները:

Leave a Comment