Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ գերիների հարցը

Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ գերիների հարցը

1 դեկտեմբերի 2025 – 17:48 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 1-ին պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանիգլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ հարաբերությունները, Հայաստան-ԵՄ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի զարգացումներն ու տարածաշրջանային վերջին իրադարձությունները։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների, ապօրինի կալանավորված և անհետ կորած համարվող անձանց խնդրին։

Զրուցակիցները առանձին անդրադարձ են կատարել «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին, ինչպես նաև Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային ծրագրին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։

Leave a Comment