Դատախազությունը հաստատել է՝ Խաչատուրովի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել

Գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և միջպետական հետախուզում հայտարարելու լուրը։ 

Armenia Today-ին դատախազությունից տեղեկացրել են, որ նրա նկատմամբ հանրային քրհետապնդում է հարուցվել նոյեմբերի 25-ին՝ Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով (նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից կաշառք տալը, առավելագույն պատիժը՝ 3 տարվա ազատազրկում-խմբ․) և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում, առավելագույն պատիժը՝ 10 տարվա ազատազրկում-խմբ․)։

Դատախազությունից նաև հայտնել են, որ դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի:

ԶԼՄ-ները Խաչատուրովի նկատմամբ նոր հանրային քրհետապնդման մասին գրել էին նոյեմբերի 30-ին։ 2023-ին Խաչատուրովին մեղադրում էին առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի օրինականացման մեջ, որը, ըստ իրավապահների, ձեռք էր բերել հանցավոր ճանապարհով՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը։ Այդ գործով նա 2023-ի դեկտեմբերին ազատ էր արձակվել։ 

Leave a Comment