Պավել Դուրովը հայտարարել է Cocoon նախագծի մեկնարկի մասին

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է Cocoon նախագծի՝ ապակենտրոնացված հաշվողական ցանցի գործարկման մասին, գրում է Meduza-ն։

«Telegram-ի հաղորդագրությունների ավտոմատ թարգմանության հետ կապված որոշ հարցումներ արդեն մշակվում են այս ցանցի միջոցով»,- գրել է Դուրովը Telegram-ի իր ալիքում։

Ըստ նրա՝ ապակենտրոնացված հաշվողական ցանցն «օգտատերերին ապահովում է 100% գաղտնիություն՝ արհեստական ​​բանականության հետ փոխազդելիս»։

«Cocoon-ի շնորհիվ մշակողները համակարգչային ռեսուրսներին հասանելիություն են ստանում ավելի ցածր գներով, քան կենտրոնացված մատակարարների մոտ, ինչպիսիք են Microsoft-ը կամ Amazon-ը։ Տեսաքարտերի սեփականատերերը կարող են իրական ժամանակում TON կրիպտոարժույթ վաստակել՝ իրենց սարքավորումները Cocoon ցանցին միացնելով»,- ասել է նա։

Դուրովը հոկտեմբերի վերջին Դուբայում կայացած ֆորումում հայտարարել էր Cocoon նախագծի (Confidential Compute Open Network-ի կրճատ անվանումը) մասին: Հաղորդվել էր, որ Cocoon-ը կմիավորի արհեստական ​​բանականության մոդելների մշակողներին և տեսաքարտերի սեփականատերերին, որոնք պատրաստ են վաճառել իրենց սարքավորումներին մուտք գործելու հնարավորություն՝ այդ մոդելները գործարկելու համար: TON կրիպտոարժույթը կօգտագործվի հաշվողական հզորության դիմաց վճարելու համար։

Դուրովը Cocoon-ի հիմնական առավելություններից մեկը համարում է ապակենտրոնացումը՝ պնդելով, որ ապակենտրոնացված ցանցերի ստեղծումը «թվային ազատությունները» պահպանելու միակ միջոցն է:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment