Աջապահյանը և Գալստանյանը պահանջում են դադարեցնել 10 եպիսկոպոսի պաշտոնավարումը

Կալանավորված արքեպիսկոպոսներ Միքայել Աջապայանը և Բագրատ Գալստանյանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդից պահանջել են դադարեցնել 10 եպիսկոպոսի պաշտոնավարումը՝ որպես թեմակալ, գրել է Hraparak.am-ը։

Նրանք արձագանքել են 10 եպիսկոպոսների երկրորդ հայտարարությանը և նրանց քայլերը որակել «դավաճանություն» ու «ուխտադրուժություն»

«Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ը պաշտոնապես հայտարարել են, որ իրենք այլևս չեն ցանկանում մաս կազմել մեր եղբայրության, ուստի մենք ճանաչում ենք իրենց խորթ և օտար, որոնց նկատմամբ, ցավոք, 20-ից 40 տարի եղբայրական զգացումներ ենք տածել՝ ինչը բազմիցս ապացուցել ենք գործով և խոսքով»,- ասված է արքեպիսկոպոսների հայտարարության մեջ։

Նրանք դիմում են Վեհափառին՝ պահանջելով դադարեցնել նշված առաջնորդների պաշտոնավարումը, նշանակել նոր առաջնորդներ և գումարել Եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով նաև իրենց մասնակցությունը։

Հայտարարությունում սրբազանները պնդում են, որ 10 եպիսկոպոսները «գաղտագողի ու դավադրաբար» են գործել։ Նրանք ընդգծել են, որ ստեղծված իրավիճակը, որ այս իրավիճակը հայ եկեղեցում աննախադեպ է վերջին 200 տարում։

Սրբազանները կոչ են անում տվյալ թեմերի քահանաներին «չենթարկվել հերձվածող առաջնորդներին» և անմիջապես հաստատել հավատարմությունը կաթողիկոսին։ Նրանց խոսքով՝ դիմակայության այս փուլը «փորձության ժամ» է Հայ առաքելական եկեղեցու համար։

Նոյեմբերի 30-ին Աջապահյանը և Գալստանյանը հայտարարությամբ դատապարտել էին 10 եկեղեցականի, ովքեր պահանջել են Գարեգին Բ-ի հրաժարականը։ Նրանց նամակին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին դատապարտող հայտարարություն: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։

Գալստանյանը կալանավորվել էր հունիսին՝ «ահաբեկչության» և «իշխանությունը զավթելու փորձի» մեղադրանքներով, իսկ Աջապահյանը՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար՝ կրկին հունիսին։

Leave a Comment