ՀՀ-ում ծնելիության նվազման պատճառներից մեկը պատերազմն է․ կրճատվել է պոտենցիալ հայրերի թիվը․ Եգանյան

ՀՀ-ում ծնելիության ցուցանիշի նվազման հիմնական պատճառներից մեկը պատերազմն է, խախտվել է սեռերի հարաբերակցությունը: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը:

«Սպասելի երևույթ էր, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ սա շարունակական է լինելու, կրճատվել է պոտենցիալ հայրերի թիվը»:

Նշենք, որ այսօր սոցապնախարարության աշխատակիցը հայտարարել է, որ 2018-2023թթ-ին ծնելիության աճը կայունացել էր և կազմում էր մոտ 36 000 երեխա, սակայն 2024թ-ից ցուցանիշը նվազել է և կազմում է մոտ 34 000: Մտահոգիչ է նաև 2025թ-ի ինը ամիսների ցուցանիշը:

Ժողովրդագրագետը նաև նշեց, որ ծնելիության բացասական ցուցանիշի վրա ազդել են նաև սեռով պայմանավորված աբորտները, ինչպես նաև՝ երկրում տիրող սոցիալ-հոգեբանական մթնոլորտը:

«Երկրում տիրող մթնոլորտն այնքան էլ բարենպաստ չէ, որ մարդիկ ցանկանան շատ երեխաներ ունենալ: Ցուցանիշի վրա ազդող մի գործոն էլ տնտեսականն է: Ես սպասելիք չունեմ, որ առաջիկա տարիներին ծնելիության ցուցանիշը կկայունանա, առավել ևս՝ աճ կգրանցվի»:

Հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, Ռուբեն Եգանյանը պատասխանեց.

«Շատ դժվար է ասել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը. հստակ դեղատոմս չկա, բայց անելիք շատ կա: Ավելին, այս պահին չեմ կարծում, որ դա անել իրապես հնարավոր է»։

Հասմիկ Կիրակոսյան

—00—ԼԱ

 

 

Leave a Comment