«Արզնի կաթնամթերքի» 3 արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

«Արզնի կաթնամթերքի» 3 արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

1 դեկտեմբերի 2025 – 13:22 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Արզնի կաթնամթերք» ընկերության 3 արտադրատեսակի արտադրությունը՝ մանրէաբանական ցուցանիշների խախտումների հիմքով։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տարածքային տեսուչներն ստուգում են իրականացրել «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում, որը տեղակայված է Մոլդովական փողոցում։ Ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում արտադրությունում առկա կաթնամթերքից, որը փոխանցվել է լաբորատոր փորձաքննության։

Հետազոտությամբ արձանագրվել է, որ մի շարք նմուշներ չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։

Մասնավորապես՝ «Կաթի սեր Ռեժան 60%» արտադրատեսակում (արտադրված 06․11․2025թ.) հայտնաբերվել են մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՆՄՔ), «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով» արտադրատեսակում (արտադրված 06․11․2025թ.)՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր (ԱՑԽՄ), իսկ «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» նմուշում (արտադրված 06․11․2025թ.)՝ խմորասնկեր։

Հաշվի առնելով ստացված արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է ընկերության արտադրական գործընթացի այն հատվածը, որը առնչվում է վերը նշված երեք արտադրատեսակների արտադրությանը։

Տնտեսվարող սուբյեկտին տրվել է հանձնարարական՝ իրականացնել անհրաժեշտ քայլեր նշված արտադրատեսակները գործող օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ։

Խախտումների վերացման համար սահմանվել է կոնկրետ վերջնաժամկետ։

Leave a Comment