«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին կարգալույծ անելու խնդրանք-առաջարկով։
«Կճոյանին կարգալույծ անելով՝ դուք Փաշինյանին և նրա թիմին կդնեք մի այնպիսի հիմար իրավիճակի մեջ, երբ նրանք ստիպված կլինեն պաշտպանել նրան՝ բացահայտելով, որ իրենց գործողությունները որևէ կապ չունեն Եկեղեցու մաքրագործման հետ»,- նշել է Մարուքյանը։
Նա շեշտել է, որ Կճոյանը դեռ շատ վաղուց պետք է կարգալույծ հռչակվեր կամ, գոնե, չպետք է տարիներ շարունակ, ժողովրդականություն չվայելելով, առաջնորդեր Արարատյան թեմը։
«Վերջին տարիներին մեր պետությունը բազմաթիվ մարտահրավերների միջով է անցել և անցնում, իսկ նա որևէ ձևով աչքի չի ընկել, չհաշված, իհարկե, ադամանդների, օֆշորների, զենքի և Բենթլիի հետ կապված սկանդալները»,- պարզաբանել է նա։
Մարուքյանը իր գրառման մեջ նշել է, որ միևնույն ժամանակ Կաթողիկոսին խնդրում է որևէ կերպ չանդրադառնալ մյուս եպիսկոպոսներին, որոնք հայտարարությամբ էին հանդես եկել կեղեցու մաքրագործում պահանջելով։
Եպիսկոպոսները կոչ էին արել «մաքրել եկեղեցին սրբապիղծ հոգևորականից» և «խստագույնս դատապարտել» կաթողիկոսի դիրքորոշումը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։
Այսօր ավելի վաղ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի մասնակիցները հայտարարության տակ ստորագրած 9 եպիսկոպոսին հորդորել էին վերադառնալ կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում և չխեղաթյուրել եկեղեցու միաբանությունը։
