Հաջիևը հայտարարել է, թե Բաքուն ցանկանում է ԵՄ-ին տեսնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մաս

Քաղաքականություն

01.12.2025 | 14:01

Ադրբեջանը ցանկանում է, որ Եվրամիությունը դառնա նոր տրանսպորտային հանգույցի մաս, այդ թվում՝ ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» նախաձեռնության շրջանակում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Զանգեզուրի միջանցքը փոխակերպող ազդեցություն կունենա եվրասիական տրանսպորտային լանդշաֆտի վրա։ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում այս տրանսպորտային լանդշաֆտի փոխակերպման գործընթացում», – ասել է նա։

Հաջիևի խոսքով՝ Բաքուն «կցանկանար Եվրամիությունը տեսնել այս նոր տրանսպորտային համակարգի մաս», այդ թվում՝ ԵՄ գլոբալ դարպասների նախաձեռնության շրջանակում։ Նա «միջանցքը» ներկայացրել է որպես «խաղաղության հասնելու Ադրբեջանի ռազմավարության» գործնական բաղադրիչ։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ Ադրբեջանի տարածքում գտնվող միջանցքը, լիովին շահագործման հանձնվելուց հետո, տարեկան կմշակի մինչև 15 միլիոն տոննա բեռ, իսկ ադրբեջանական հատվածի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին։

«Պատերազմն ավարտվել է Ադրբեջանի համար, հակամարտությունն ավարտվել է։ Մենք պետք է ամրապնդենք խաղաղությունը տեղում և այն դարձնենք նաև երկարատև»,- նշել է Հաջիևը։

Նա ասել է, թե  խաղաղությունը «չպետք է լինի միայն պատերազմի բացակայություն», այլ պետք է բերի «բարգավաճում և զարգացում», կառուցի փոխկախվածություն հարևանների միջև: Այդ համատեքստում, ըստ Հաջիևի, Հայաստանը կարող է «փակուղուց» անցնել տարանցիկ երկրի, քանի որ արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ կապերն ընդլայնվում են:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հաջիևը հայտնել էր, որ  Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների հետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է քննարկել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment