Անօգնական անձի թրաֆիքինգի գործով նախաքննությունն ավարտվել է

Անօգնական անձի թրաֆիքինգի գործով նախաքննությունն ավարտվել է

1 դեկտեմբերի 2025 – 12:47 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունն ավարտին է հասցրել քրեական վարույթի նախաքննությունը, որը հարուցվել է մի անձի կողմից անօգնական վիճակում գտնվող քաղաքացուն թրաֆիքինգի ենթարկելու գործով։

Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Հ.-ն, իմանալով Լ.Շ.-ի անօգնական լինելու մասին, մասնավորապես՝ նրա հոգեկան առողջության հետ կապված խնդիրների առկայության մասին, մոտ մեկ տասնամյակ շարունակ շահագործել է վերջինիս։

Մասնավորապես, Գ.Հ.-ն Լ.Շ.-ին դուրս է բերել նրա բնակարանից և տեղավորել հարակից մի կառույցում, որը բնակվելու համար պակաս հարմար պայմաններ է ունեցել՝ ապահովելով միայն գոյության նվազագույն միջոցները, մինչդեռ Լ.Շ.-ի բնակարանը վերածել է հավանոցի ու իրերի պահեստի՝ տեղադրելով առանձին փական և բանալին պահելով իր մոտ։

Բացի այդ, Գ.Հ.-ն օգտագործել է Լ.Շ.-ին որպես անվճար աշխատուժ՝ նրան ստիպելով մշակի իր տնամերձ այգին, խնամի տուժողի բնակարանում պահվող թռչունները, իսկ այդ ընթացքում վերցրել է վերջինիս նշանակված թոշակն ու հաշմանդամության նպաստը։ Լ.Շ.-ն, իր ապրուստը ինքնուրույն ապահովելու համար, ստիպված է եղել մուրալ և աղբ հավաքել՝ բնակավայրը ջեռուցելու նպատակով։

Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով՝ «երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը» մեղադրանքով։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է վերահսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Leave a Comment