400 վերելակ արդեն իսկ տեղադրված է, տեղադրման ընթացքի մեջ է 74 վերելակ, ասել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այս պահի դրությամբ 2026 թ.-ի համար նախատեսվող, փոխարինման ենթակա վերելակներն արդեն գույքագրվել են: Վարչական շրջաններից արդեն ստանում ենք տեղեկատվությունը, մոտ օրերս՝ մինչև տարվա վերջ, արդեն այդ մրցույթն էլ կհայտարարենք, որպեսզի 2026-ին նույնպես ունենանք տեղադրված վերելակներ։
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը։
«Ունենք 2 մրցութային ընթացակարգ․ 400 վերելակ արդեն իսկ տեղադրված և ավարտին է հասցված: Նաև երկրորդ մրցութային ընթացակարգով տեղադրման ենթակա է 104 վերելակ, որից 74-ն արդեն իսկ գտնվում են հասցեներում և տեղադրման ընթացքի մեջ են, որոնցից 10-ն արդեն ավարտական վիճակում են գտնվում, մնացած 30-ը ակնկալվում է, որ մոտ օրերս պիտի գան, հասնեն Երևան, և դրանց տեղադրման աշխատանքները նույնպես ավարտվեն»,- ասաց Կարոյանը:
Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի տարվա վերջին աշխատանքները հնարավոր լինի պատշաճ կերպով ավարտել։
Կարոյանը նաև հայտնեց, որ այսօր էլ խորհրդակցություն է կազմակերպվում, որի համար իրենք կապալառուին հրավիրել են Երևանի քաղաքապետարան, որպեսզի վերջնական դետալները և ժամկետները հստակեցնեն։
Քաղաքապետն էլ հիշեցրեց 100 վերելակների փոխարինման համար հայտարարված մրցույթներից մեկի մասին, որն այս տարի չի կայացել և հայտնեց, որ հաջորդ տարի դրանք առաջնահերթությամբ պետք կատարվեն: