Մադուրոն ՕՊԵԿ-ի երկրներին խնդրում է միջամտել ԱՄՆ-ի «անօրինական սպառնալիքների» պատճառով

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) երկրներին՝ խնդրելով օգնել իր երկրին դիմակայել ԱՄՆ-ի և նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «աճող և անօրինական սպառնալիքներին», հաղորդում է Al Jazeera-ն:

Մադուրոն Վաշինգտոնին մեղադրել է վենեսուելական նավթային պահուստներին «տիրանալու» փորձերի մեջ և ՕՊԵԿ-ին և ՕՊԵԿ+ -ին զգուշացրել է երկրի դեմ «մահաբեր ռազմական ուժի կիրառման» մասին: Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի երկնքում «փակ օդային տարածքի» մասին: Կարակասը դա անվանել է գաղութատիրական սպառնալիք և մեղադրել է ԱՄՆ-ին Կարիբյան տարածաշրջանում ռազմական ճնշումը մեծացնելու մեջ:

Վենեսուելայի իշխանությունները պնդում են, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմական ներկայությունը՝ աշխարհում իր խոշորագույն նավթային պաշարներին հասանելիություն ստանալու համար, իսկ Վաշինգտոնը խոսում է նարկոթրաֆիկի դեմ պայքարի մասին:

Մինչդեռ Թրամփի վարչակազմը, ինչպես գրում է Al Jazeera-ն, առաջ է տանում ԱՄՆ-ի ափերի մոտ հորատման ընդլայնումը՝ չնայած Կարիբյան տարածաշրջանի կղզային պետությունների՝ նավթից հրաժարվելու կոչերին:

Վերջին ամիսներին Դոնալդ Թրամփի վարչակազմը մեծացրել է ճնշումը Կարակասի վրա՝ ԿՀՎ-ի համար հաստատելով Մադուրոյի կառավարության դեմ թաքնված գործողությունների ծրագիրը: Զուգահեռաբար Սպիտակ տունը վերսկսել է ոչ պաշտոնական շփումները Վենեսուելայի իշխանությունների հետ։ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին 50 մլն դոլար պարգև է հայտարարել Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկությունների համար:

Leave a Comment