ՄԻԱՎ-ով ապրող Հայաստանի քաղաքացիների թիվը 5067 է. դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է


Այս տարի «Հաղթահարելով խոչընդոտները, վերափոխելով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցները» խորագիրն ունի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:


Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, համերաշխություն ցուցաբերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, բուժման ու խնամքի մասին։


 


Վերջին տվյալներով` ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 5067 է (հաշվարկային թիվը` 7300):


 


2025 թվականին տարաբնույթ աշխատանքներ են իրականացվել հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղորայքի տրամադրման և ՄԻԱՎ-ի բուժման ապակենտրոնացման նպատակով, որպեսզի ապահովվի ամբողջ հանրապետության տարածքում ՄԻԱՎ-ով ապրող անձանց առավել մատչելի, անխափան ու բարձրորակ բուժօգնությունը։


 


Ծառայությունների բաշխման անհավասարությունները նվազեցնելու, վաղ հայտնաբերման և բուժման ծածկույթը բարձրացնելու, ինչպես նաև վիրուսի փոխանցման վերահսկելի մակարդակը հանրային առողջության համակարգում պահպանելու համար արվում են հետևյալ քայլերը.


  • Տարածքային բուժական կենտրոնների ներուժի ուժեղացում, մասնագետների վերապատրաստում և կլինիկական ուղեցույցների ներդրում։

  • ՀՌՎ դեղորայքի լոգիստիկ շղթայի օպտիմալացում՝ ներառյալ պահեստավորման, բաշխման և հաշվառման արդիականացված համակարգերի ներդրում։

  • Մարզային և համայնքային մակարդակներում ապակենտրոնացված ծառայությունների հասանելիության ընդլայնում, որպեսզի բուժում սկսելու և շարունակական մոնիթորինգ ապահովելու համար պացիենտներն այլևս չկենտրոնանան բացառապես մայրաքաղաքում։ Հիվանդակենտրոն մոտեցումների զարգացում՝ ներառյալ խորհրդատվական, հոգեբանական, սոցիալական և համակցված ծառայությունների ինտեգրում։

  • Թվայնացման գործընթացներ, որոնք նպաստել են հիվանդների բուժման ավելի ճշգրիտ վերահսկմանը, դեղորայքային պաշարների կառավարմանը և տվյալների որակի բարելավմանը։


Հայաստանում բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերով` բուժառուի համար բացառապես անվճար:


 


Մշտապես կազմակերպվում են հանրային միջոցառումներ, որոնց ընթացքում շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում անցկացվում են անանուն, անվճար հետազոտություններ։


 

Դիտումների քանակ1

Leave a Comment