Ավինյանի խոսքով, օդի որակը պայմանավորված է առաջին հերթին մեր երկրի աշխարհագրական դիրքով, ինչպես նաև՝ այս ժամանակահատվածում որոշակի եղանակային պայմաններով
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Սկսել ենք օդի որակի չափումներ իրականացնել։ Արդեն մոտավորապես 2 տարի է՝ մեր բոլոր խոշոր կառուցապատվող օբյեկտներում ներդրված են մեր սարքերը, որոնք միացված են GIS համակարգին։ 175 սարքից մենք ունենք տվյալներ։ Այդ տվյալները խոսում են այն մասին, որ օդի որակը մեզ մոտ վատթարանում է նոյեմբերի կեսերից և սկսում է բարելավվել մարտի կեսերից։
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում անընդհատ քննարկվող օդի որակի խնդրին։
«Ամենացավալի հատվածն այն է, որ այն բավականին բարդ գործոններով է պայմանավորված՝ առաջին հերթին մեր աշխարհագրական դիրքով, և այս ժամանակահատվածում նաև որոշակի եղանակային պայմաններով, օդի ինվերսիայով։ Այդ օդը գալիս է և մեր տարածաշրջանում տևական ժամանակ մնում», – ասաց քաղաքապետը։
Ավինյանի խոսքով՝ կան շատ բարդ լուծումներ, և այդ լուծումները շատ դեպքերում նույնիսկ Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։
«Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, խոսքը հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ, մշտադալար, կանաչապատ տարածքների ստեղծման մասին է, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ, բայց կարճաժամկետի մասով` հնարավոր է, որ մի 10-15 կրիտիկական օր, որոնց մասին մենք նախօրոք տեղեկացված լինենք, եթե այդ օրերին մենք էական մի փոքր ստանդարտից դուրս վարչարարական աշխատանք անենք», – հայտնեց Ավինյանը։
Այդ 10-15 օրվա վարչարարությունը, ըստ քաղաքապետի, կարող է ազդել 45–60 օրվա վրա։
«Այսինքն, խոսքն այն մասին չէ, որ օդի որակը շատ լավը կլինի այդ ընթացքում, այլ այն մասին է, որ 10 օր ճիշտ և թիրախային աշխատանքի դեպքում հնարավորություն կունենանք մոտավորապես 20 %-ի չափով ազդեցություն ունենալ, որն իրականում էական ազդեցություն է»,-ասաց նա։
Ավինյանը հայտնեց նաև, որ կառուցապատողներին պետք է տեղեկացնել փոշու ճնշիչ սարքերի տեղադրման մասին, և այդ կարգավորման վերաբերյալ որոշումը քաղաքապետարանը կընդունի դեկտեմբերին: