Կորեայի ձորի ճանապարհ․ շահագործումը՝ շուտով

Կորեայի  ձորի  ճանապարհ․ շահագործումը՝ շուտով

Կորեայի  ձորի  ոլորաններով ճանապարհը Դավթաշենը  կապում է Քանաքեռ-Զեյթունին, Կոտայքի  մարզը՝  Երևանին։  Մայրաքաղաքը  շրջանցող, քաղաքի տրանսպորտային  հոսքերը  բեռնաթափող  այս կարևոր ճանապարհն  օգոստոսից փակվել  էր՝  հիմնանորոգման  համար։

Ճանապարհի  հիմնական շինարարական աշխատանքներն  արդեն  ավարտվել  են, այժմ իրականացվում են ջրահեռացման  համակարգերի  ու  սելաֆատար  առուների  տեղադրման  աշխատանքները։ Ճանապարհի շահագործման  պատրաստ լինելու  մասին  կհայտարարվի,  երբ ավարտվի  նաև ասֆալտի  գծանշումն  ու  երթևեկության  նշաններով կահավորումը ։

«Երկշերտ ասֆալտի  ծածկն  ամբողջությամբ արված  է։ Շատերը  գուցե  ասեն՝  ինչ՞  է,  որ ․․․ ընդամենը 1,1 կմ ճանապարհ է,  բայց  գործը  միայն  առաջին  հայացքից  է հեշտ  թվում։ Փռել  ենք  6 սմ  հաստությամբ խոշորահատիկ ասֆալտ, 4 սմ՝ մանրահատիկ։ Դրանց  տակ՝ 12 սմ-անոց ավազակոպիճային  շերտ  է, հիմքում էլ՝ գրունտի  վրա 20 սմ հաստությամբ խիճ»,- ասում  է տեղամասի  աշխղեկ Արման Ղազարյանը։

Շինաշխատանքներն  իրականացնում  է «Լիլիթ-87» ընկերությունը։ Պատվիրատուն Տարածքային  կառավարման  և  ենթակառուցվածքների  նախարարությունն է, իսկ վերահսկողությունն  իրականացնում է Ճանապարհային  դեպարտամենտը։ Հիմնանորոգվող  ճանապարհի  երկարությունը 1,1 կմ է, ընդհանուր արժեքը՝ մոտ 285 մլն դրամ, ակնկալվող  ավարտը՝ 2026 թվականի  հունվարի 6-ին։

Շինարարները նշում են, ուր Զովունու  կողմից  որոշ  մեքենաներ  երբեմն շրջանցում են արգելքի  նշանները՝ մտածելով  մի  կերպ  կանցնեն  կամրջի  մյուս  կողմը,  բայց  դրա  վրա  դրված  մեծ  սալաքարերին  հասնելով  ստիպված են  լինում  հետ  դառնալ։ Պետք է մի  քիչ  էլ դիմանալ․ պարտադիր աշխատանքների  շարքում մնացել  է ճամփեզրյա արգելապատնեշների  տեղադրումը։ Դրանք  ոչ թե բանվորներն, այլ  հատուկ  տեխնիկան է շարում։

Արման Ղազարյանի խոսքով՝  քանի  որ երթուղին կտրուկ  շրջադարձերով  է, իսկ  ներքևում կիրճ ․․․ մինչև մետաղական  արգելափակոցները  չլինեն՝ շահագործումն  ու երթևեկությունը  չի  թույլատրվի։

Շինարարները վստահեցնում են, որ չորս-հինգ ամսվա աշխատանքի արդյունքում կունենանք  երկկողմանի  ճանապարհ՝  հիմնական մասում  մոտ 7, շրջադարձերին  մինչև  12 մետր  լայնությամբ։ Հիմնանորոգման  աշխատանքների  ավարտին  նոր  ասֆալտը  կամրջի  վրա  կմիանա  Երևանի  սահմանին ու նորից  երթևեկելի  կդարձնի  Կորեայի  ձորի  ճանապարհը։ 

Leave a Comment