Դավիթ Տոնոյան. Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Նախեւառաջ, շնորհակալություն եմ հայտնում այն լրատվամիջոցներին, որոնք ուշադրության դարձրեցին ս.թ. նոյեմբերի 26-ի հայտարարությանս՝ այն հասանելի դարձնելով լայն հանրությանը: 

 

Հետեւելով մամուլում տեղ գտած արձագանքներին, ցանկանում եմ մի քանի շեշտադրում անել:

 

1. 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին եւ իմ մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստերի արձանագրություններին ծանոթանալը «քմահաճույք» չէ: Դա սահմանադրական օրենքով նախատեսված իրավունք է, որը ցանկանում եմ իրացնել՝ հատկապես Բաքվում իրականացվող «դատավարության» ու ՀՀ զինվորականների նկատմամբ տասնյակ դատաքննությունների պայմաններում:

 

Սահմանադրական օրենքով նախատեսված է, որ անհրաժեշտության դեպքում կարող եմ հանդես գալ արձանագրություններում փոփոխություններ կատարելու պահանջով, պարզաբանումներ ներկայացնել հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իմ դիրքորոշումն ամբողջությամբ: 

 

2. Օրենսդրական հստակ կարգավորման առկայության պարագայում «թույլ տալու» կամ «թույլ չտալու» որակումները եւ գաղտնիությանը վերաբերվող հնարավոր սահմանափակումների մասին ակնարկները անընդունելի եմ համարում՝ հաշվի առնելով նախկինում զբաղեցրած պաշտոններս:

 

Բացի դրանից, եթե ոչ միայն գործող պաշտոնյա չհանդիսանալով, այլեւ քրեական  հետապնդման հետեւանքով կալանավորի կարգավիճակում գտնվելով՝ մասնակցել եմ քննիչ հանձնաժողովի նիստին, ինչպե՞ս կարող եմ որևէ սահմանափակում ունենալ այսօր:

 

Ինչպես ներկայացրել եմ ս.թ. սեպտեմբերին լույս տեսած «Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գիրք-երկխոսության մեջ, քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու մասին որոշումը հեշտ չեմ կայացրել, այն երկար մտորումների արդյունք էր: Չնայած բոլոր վերապահումներին, որ ունեի այդ հանձնաժողովի իրական նպատակների վերաբերյալ, ի վերջո, որոշեցի մասնակցել՝ ցույց տալու մեր հանրությանը, որ թաքցնելու ոչինչ չունեմ: Եվ երբ ինձ պաշտոնական գրությամբ փաստացի հայտնում են, որ զեկույցը «զեկույցի իրավական կարգավիճակ» չունի, վերապահումներս միայն ամրապնդվում են:

 

3. Հանրային ակնկալիք կար, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը այս կամ այն ձեւով հանրության համար հասանելի կդառնա 2025թ. սեպտեմբերին՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի օրերին: Սակայն վերը հիշատակված վերապահումները հաշվի առնելով՝ համաձայնություն տվեցի «Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գիրք-երկխոսության պատրաստմանն ու հրապարակմանը, քանի որ չէի ցանկանում կաշկանդել հանրության հետ բաց խոսելու իրավունքս այլոց  ոչ թափանցիկ նպատակներով: Վստահ եմ, որ գրքում շատ հարցերի պատասխաններ կարելի է գտնել:

 

4. Ակնկալում եմ սեղմ ժամկետներում բովանդակային պատասխան ստանալ ս.թ. նոյեմբերի 25-ին ԱԺ նախագահին ուղղված նամակիս: Հակառակ պարագայում ոչ իմ, եւ ոչ էլ, վստահ եմ, հանրության համար հասկանալի չի լինի՝ ո՞րն էր հանձնաժողի ստեղծման իրական նպատակը»:

Leave a Comment