«Մաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է WADA-ի ներկայացուցչին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) Եվրոպական գրասենյակի և սպորտային շարժման հետ հարաբերությունների տնօրեն Սեբաստիան Ժիլոյին: 


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հակադոպինգային գործակալության գործունեությանն ու մաքուր սպորտի ամրապնդմանն առնչվող հարցեր։


 


Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովելու Հայաստանում մաքուր սպորտի սկզբունքների հետևողական ներդրումն ու զարգացումը՝ ընդգծելով, որ այս առաջնահերթությունն ամրագրված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ:


 


Այս համատեքստում առանձնակի կարևորություն ունի ազգային հակադոպինգային գործակալության՝ միջազգային չափանիշներին համապատասխան գործունեությունը։ Նախարարի խոսքով՝ վերջին ամիսներին քայլեր են ձեռնարկվել գործակալության համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։


 


 


Գործակալությանը հատկացվել է նոր տարածք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որը համագործակցության և արդյունավետ աշխատանքի նոր հնարավորություններ է ստեղծում՝ բուհի ենթակառուցվածքներից օգտվելու, աշխատաժողովներ և կրթական միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև մաքուր սպորտի գաղափարների տարածմանը երիտասարդներին և ուսանողներին ներգրավելու առումով։


 


Կարևորելով ազգային հակադոպինգային գործակալության ու պետական լիազոր մարմնի արդյունավետ համագործակցությունը՝ Սեբաստիան Ժիլոն շնորհակալություն է հայտնել նախարարությանը՝ ցուցաբերվող աջակցության համար և նշել, որ արդեն ծանոթացել է գործակալության նոր տարածքին։


 


Նշվել է, որ գործակալության գործունեության ֆինանսավորումն ամբողջությամբ նախատեսված է պետական բյուջեի միջոցներից, իսկ խոշոր միջազգային մրցաշարերի և առաջնությունների անցկացման դեպքում տրամադրվում է նաև լրացուցիչ ֆինանսավորում։


 


Կողմերն անդրադարձել են Հայաստանում անցկացված և առաջիկայում նախատեսվող խոշոր մարզական միջոցառումներին և դրանց շրջանակում արդյունավետ հակադոպինգային համակարգի կարևորությանը։ Նշվել է, որ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը վերջերս լիարժեք սպասարկել է «Tour of Armenia 2026» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը։


 


2027 թվականին Հայաստանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որտեղ ևս գործակալության գործունեությունը կարևորվում է։


 


Սեբաստիան Ժիլոն ընդգծել է, որ միջազգային խոշոր մրցաշարերի անցկացումը հնարավորություն է Հայաստանի համար՝ ցույց տալու երկրի հանձնառությունը մաքուր սպորտին և բարեվարքությանը։ Նա նաև վերահաստատել է Հայաստանի հակադոպինգային համակարգի և մասնագետների կարողությունների զարգացմանն աջակցելու WADA-ի պատրաստակամությունը։


 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։


 


ԿԳՄՍՆ


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment