ԱԺ-ում սեպտեմբերի 23-ին կքննարկեն արցախցիների սոցիալական և իրավական խնդիրները

Սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Այս մասին խորհրդարանի շենքի դիմաց ակցիայի մասնակիցներին հայտնել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Արթուր Խաչատրյանը։

Քննարկմանը հրավիրվել են նաև ոլորտային պետական գերատեսչությունների, տեղահանվածների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ակցիայի մասնակիցներ։

Գալստյանը հայտնել է, որ քննարկումը կմեկնարկի ժամը 14։00-ին։ Օրակարգում կլինեն բնակարանային ապահովման և աջակցության ծրագրերի, կրթության, անձնագրերի, քաղաքացիության և փախստականի կարգավիճակի հարցերը։

«Մեր օրակարգում սոցիալական, տնտեսական, մշակութային և նաև իրավական խնդիրներն են»,- ասել է պատգամավորը։

Ակցիայի մասնակիցներն իրենց հերթին պահանջել են անցկացնել լիարժեք խորհրդարանական լսումներ և հստակ սահմանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարգավիճակը։

«Վերածնվող Արցախ» կազմակերպության ղեկավար Անաստաս Իսրայելյանը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներ» ձևակերպումը, իր կարծիքով, չի արտացոլում այն պատճառները, որոնց հետևանքով մարդիկ լքել են իրենց տները։ Նա առաջարկել է ամրագրել կարգավիճակ, որը հստակ կմատնանշի տեղահանման բռնի բնույթը։

Իսրայելյանը կարգավիճակի հարցը կապել է վերադարձի իրավունքի պահպանման հետ։

«Ոչ մի արցախցի իր տնից չի հրաժարվի, չի հրաժարվել։ Ով մեր տեղը խոսում է, ինքը այդ իրավունքը չունի»,- հայտարարել է նա։

Ակցիայի մասնակիցների մյուս պահանջների թվում են բնակարանային խնդիրների լուծումը, զբաղվածության ապահովումը, բանկային վարկավորման պայմանների վերանայումը և Լեռնային Ղարաբաղում թողած գույքի դիմաց փոխհատուցման հարցի քննարկումը։ Մասնավորապես, նրանք առաջարկել են դիտարկել տեղահանվածների համար վարկավորման արտոնյալ տոկոսադրույքների հնարավորությունը։

Իսրայելյանը նաև հանդես է եկել Արցախի պետականության ինստիտուտի պահպանման և խորհրդարանական քննարկումներին հենց տեղահանվածների մասնակցությունն ապահովելու օգտին։

Խաչատրյանը հայտարարել է, որ «Հայաստան» խմբակցության համար Արցախի հարցը շարունակում է մնալ օրակարգում։ Նա առանձնացրել է երեք հիմնական հարց՝ վերադարձի իրավունքը, գերիների վերադարձը և պատմամշակութային ու տնտեսական ժառանգության պահպանումը։

Գալստյանն իր հերթին հայտարարել է, որ արցախահայության վերադարձի իրավունքը «երբեք չի կարող դուրս գրվել» խմբակցության քաղաքական օրակարգից։ Նա չի բացառել, որ աշխատանքային քննարկումից հետո կարող են անցկացվել առանձին խմբակցային, հանձնաժողովային կամ խորհրդարանական լսումներ։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նա առաջարկել է քաղաքական հարցերն առանձնացնել սոցիալական հարցերից և քննարկել տեղահանվածների կոնկրետ խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր գործիքները։

Հանդիպման մասնակիցներն այդ խնդիրների թվում նշել են բնակարանների արժեքը, զբաղվածությունն ու բանկային վարկավորման պայմանները։ Տեղահանվածների համար վարկավորման արտոնյալ պայմաններ սահմանելու առաջարկը Կարապետյանն անվանել է «շատ հետաքրքիր» և առաջարկել քննարկել այն։

Կարապետյանն առաջարկել է նաև Ազգային ժողովում անցկացնել լսումներ՝ մինչև 70 տեղահանվածների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման ավարտին Իսրայելյանը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել լսումների կազմակերպման ուղղությամբ, որի ժամկետների մասին հանրությանը կհայտնեն ավելի ուշ։

Արցախից բռնի տեղահանված Կարինե Սարգսյանը պատմել է բնակարանային և զբաղվածության խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ 40 հազար դրամ աջակցությունը չի բավարարում անգամ բնակարանի վարձը վճարելու համար։

«Գյուղերում աշխատանք չկա։ Ասում են՝ գնացեք գյուղ։ Գյուղից պիտի գաս Երևան՝ ինչ-որ աշխատանք անելու, դա էլ ճանապարհածախս է»,- ասել է նա։

Սարգսյանը հայտարարել է, որ տեղահանվածները քաղաքական ուժերից ակնկալում են ոչ միայն Արցախի մասին հայտարարություններ, այլև իրենց սոցիալական խնդիրների կոնկրետ լուծումներ։

Leave a Comment