Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին

Արցախի մշակույթի նախարարությունը հայտնում է․ «Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործուն և հետևողական միջոցներ ձեռնարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, փաստագրման և միջազգային ներկայացման ուղղությամբ։
Դիմումը պայմանավորված է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության փոփոխման և յուրացման շարունակվող քաղաքականությամբ, ինչպես նաև այդ գործընթացի միջազգային ներկայացման և լեգիտիմացման փորձերով։
Նախկին նախարարները պահանջում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հրապարակային և հստակ գնահատական տալ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությանը, ձևավորել դրա մշտադիտարկման և փաստագրման գործուն պետական մեխանիզմներ, ինչպես նաև հայկական ժառանգության պաշտպանության հարցը հետևողականորեն բարձրացնել միջազգային մասնագիտական և միջպետական հարթակներում։
Դիմումը ներառում է նաև Արցախի թանգարանային հավաքածուների պահպանության, դրանց իրավական կարգավիճակի փաստագրման և տեղահանված արցախահայության մշակութային իրավունքների համատեքստում հավաքածուների վերադարձի հարցի միջազգային օրակարգում բարձրացման պահանջը։
Մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել փաստերի արձանագրմամբ։ Այն պահանջում է հստակ պետական դիրքորոշում և գործուն քայլեր»։

Leave a Comment