Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։ Բնակիչներին հորդորել են մինչև ջրի որակի վերականգնումը չօգտագործել այն խմելու և կենցաղային նպատակներով։
Հետազոտությունն իրականացվել է այն բանից հետո, երբ Ծավի բնակիչներից մեկը դիմել է ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում մետաղական զանգված է նկատել։
Մասնագետները բնակչի տնից ջրի նմուշ են վերցրել։ Լաբորատոր հետազոտությամբ նմուշում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։
Քանի որ նախկին հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել, կրկնակի նմուշառում է իրականացվել չորս կետից՝ այդ թվում ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել է սնդիկի թույլատրելի շեմի գերազանցում։
ՀՎԿԱԿ-ի տվյալներով՝ բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել։ Կենտրոնը նախատեսում է կանխարգելիչ համայցեր իրականացնել։
Կառավարությունն ու համայնքը մինչև խնդրի կարգավորումը կապահովեն բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրով։ Միաժամանակ միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ջրի աղտոտման պատճառը։
