Հայաստանը 2 մլրդ դրամ կհատկացնի դպրոցներ տանող ճանապարհների վերանորոգմանը – Նորություններ 11.09.2026

Լուսանկարը` hetq.am

Լուսանկարը` hetq.am

Հայաստանի կառավարությունը որոշել է պետական պարտքի սպասարկման միջոցներից շուրջ 2 միլիարդ դրամ ուղղել հանրապետության մարզերում կրթական ենթակառուցվածքների արդիականացմանը:

Սեպտեմբերի 11-ի նիստում գործադիրը հաստատել է դեպի դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման նոր ծրագիրը:

Ֆինանսների նախարարության կողմից վերաբաշխված միջոցները կտրամադրվեն Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի ու Տավուշի մարզպետարաններին:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել և բարեկարգել դեպի կլաստերային դպրոցներ տանող մոտ 9,83 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ։ Ֆինանսավորումը ներառում է նաև Տավուշի մարզի մի շարք հաստատությունների, մասնավորապես՝ Իջևանի թիվ 4, Թեղուտի, Տավուշի միջնակարգ և Բերդավանի դպրոցների ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումը, ինչպես նաև դեպի Լուսաձոր տանող ճանապարհի լրացուցիչ փոսային վերանորոգումը:

Գործադիր մարմինը ճանապարհաշինական այս նախագիծը դիտարկում է որպես կրթական ավելի լայն բարեփոխումների բաղկացուցիչ մաս։

«Աշխատանքներն իրականացվում են դպրոցներ տանող ճանապարհների բնականոն ընթացքն ապահովելու և կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» հնգամյա ծրագրում ընդգրկված կրթական հաստատությունների ենթակառուցվածքները բարելավելու նպատակով», – նշվում է կառավարության որոշման պաշտոնական հիմնավորման մեջ:

Leave a Comment