Ռուսաստանը դուրս կբերի՞ իր ռազմաբազան ՀՀ-ից

Ռուսաստանը դուրս կբերի՞ իր ռազմաբազան ՀՀ-ից

Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահն անդրադարձավ նաև Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությանը։ Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը չի ցանկանում իր ռազմական ներկայությունը պարտադրել Հայաստանին, և եթե Երևանը համարի, որ այլևս ռուսական ռազմաբազայի կարիք չունի, ռուսական կողմը պատրաստ է հեռանալ նույնիսկ հաջորդ օրը։

Սակայն, քաղաքագետ Արմեն Վարդանյանի գնահատմամբ, ՌԴ նախագահն իրականում չի ցանկանում ռազմաբազան Հայաստանից դուրս բերել․

«Որովհետև տարիներ առաջ, երբ Գյումրիում էր, այնտեղ ասաց, որ Ռուսաստանը երբեք դուրս չի գա այս տարածաշրջանից։ Իսկ ռազմաբազայի հանումը կնշանակի ռուսական ներկայության ավարտ Հայաստանում և ամբողջ Կովկասում»,- ասաց նա։

Վերլուծաբան Հակոբ Բադալյանի պնդմամբ՝ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Հայաստանի հետ անվտանգային հարաբերություններում Ռուսաստանի մոտեցման փոփոխության նշան․

«Որովհետև այդ հարցը, փաստորեն, պաշտոնական մակարդակում առաջինը բարձրացնում է հենց Ռուսաստանի նախագահը․ պաշտոնական Երևանը մինչ այդ որևէ անգամ չի էլ ակնարկել ռազմակայանի դուրսբերման հարց բարձրացնելու մտադրության մասին, և, հակառակը, պարբերաբար ասել են, թե այդպիսի հարց օրակարգում չկա»,- ընդգծեց Բադալյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի ռազմական բազայի հարցը չեն բարձրացրել, բայց համարում են, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն չէ:

«Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել։ Բայց մենք այս ընթացքում այդ հարցերը երբեք չենք բարձրացրել»,- շեշտել է վարչապետը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Բադալյանը նշեց՝ Ռուսաստանն է վերանայում իր մոտեցումը Հայաստանի հետ անվտանգային հարաբերությունների վերաբերյալ։ Մինչդեռ, Վարդանյանի պնդմամբ, Հայաստանն է փոխում իր անվտանգային քաղաքականությունը։ Հակոբ Բադալյանի խոսքով՝ գուցե Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հայտարարությունն ընկալում է՝ ուղղված ոչ այնքան Հայաստանին, որքան ռեգիոնալ անվտանգության ճարտարապետության հարցում շահառու խոշոր խաղացողներին։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, փորձում է չհայտնվել այդ հնարավոր փոխհարաբերությունների արանքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment