Գարեգին Բ-ն և միտրոպոլիտ Անտոնին քննարկել են եկեղեցու նկատմամբ բռնաճնշումները

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին քննարկել են եկեղեցիների նկատմամբ տեղ գտնող բռնաճնշումները և հետապնդումները, հայտնում են Մայր Աթոռից։

Մայր Աթոռում կայացած հանդիպմանը Միտրոպոլիտ Անտոնին կաթողիկոսին է փոխանցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները՝ վերահաստատելով Ռուս ուղղափառ եԵկեղեցու զորակցությունը Հայոց եկեղեցուն։

Նա անդրադարձ է կատարել եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում` անընդունելի նկատելով աշխարհիկ իշխանությունների կողմից որևէ միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին։
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել մշտապես դրսևորվող ջերմ վերաբերմունքի և զորակցության համար։ Նա անդրադարձել է երկու Եկեղեցիների հարաբերություններին ու գործակցությանը՝ մաղթելով, որ ամուր և հաստատուն լինի այդ եղբայրությունը և ծառայի երկու բարեկամ ժողովուրդների միջև բազմադարյա կապերի զորացմանը։
Կողմերն ընդգծել են, որ Աստծո ողորմությամբ, եկեղեցականների նախանձախնդիր ծառայությամբ և ժողովրդի ամուր հավատով կհաղթահարվեն բոլոր փորձություններն ու դժվարությունները։

Leave a Comment