Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ

Գերմանիայի կառավարությունը Ռուսաստանին պաշտոնապես մեղադրել է Լայպցիգ/Հալլե օդանավակայանում պայթուցիկով բեռնված անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում իրականացնելու փորձի մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին։ Պայթուցիկ սարքով ԱԹՍ-ն հայտնաբերվել է օդանավակայանում կայանված ուկրաինական բեռնատար ինքնաթիռի մոտ։ Գերմանացի մասնագետներին հաջողվել է վնասազերծել այն։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտի խոսքով՝ անօդաչուի կառուցվածքը, օգտագործված բաղադրիչները, պայթուցիկ նյութը և գործարկման մեխանիզմը նմանություններ ունեն նախկինում Ռուսաստանի հետ կապվող հիբրիդային գործողություններում կիրառված միջոցների հետ։

Գերմանական իշխանությունների գնահատմամբ՝ գործողությունը պահանջել է բարձր տեխնիկական պատրաստվածություն և մանրակրկիտ պլանավորում, թեև դրա անմիջական իրականացումը կարող էր հանձնարարված լինել ավելի ցածր մակարդակի գործակալների։

Միջադեպից հետո Գերմանիան որոշել է փակել Բոննում Ռուսաստանի հյուպատոսությունը և դադարեցնել Բեռլինում գործող «Ռուսական տան» գործունեությունը։ Բեռլինը նաև մտադիր է աջակցել Ռուսաստանի դեմ եվրոպական նոր պատժամիջոցների սահմանմանը։

Ռուսական կողմը հերքել է մեղադրանքները՝ դրանք որակելով անհիմն և քաղաքականապես մոտիվացված։

Leave a Comment