Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Մոսկվա այցելելու և այնտեղ բանակցություններ անցկացնելու հրավերը շարունակում է ուժի մեջ մնալ։ Այս մասին օգոստոսի 31-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Մոսկվա այցելելու և այնտեղ բանակցություններ անցկացնելու հրավերը շարունակում է ուժի մեջ մնալ։ Այս մասին օգոստոսի 31-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, ոչինչ չի փոխվել», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլի առաջարկում փոփոխություններ են եղել։
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է՝ եթե Զելենսկին իսկապես ցանկանում է բանակցություններ վարել, կարող է ժամանել Ռուսաստանի մայրաքաղաք։
«Եթե խոսքը գագաթնաժողովի մասին է, ապա այն անհրաժեշտ է որոշակի պայմանավորվածություններ վերջնականացնելու համար, իսկ այդ պայմանավորվածությունները նախ պետք է նախապատրաստվեն շատ բարդ բանակցությունների ընթացքում», — նշել է Պեսկովը։
Մեկ օր առաջ Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ Մոսկվան շարունակում է բաց լինել Թուրքիայի տարածքում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների համար, սակայն ներկայում դրանց անցկացման նախադրյալներ չկան։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը չի հրաժարվում երկխոսությունից, սակայն Կիևի կողմից դրան պատրաստակամություն չի տեսնում։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Մոսկվա կատարած գաղտնի այցի ժամանակ առաջարկել է անցկացնել եռակողմ հանդիպում՝ Վլադիմիր Պուտինի, Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։