Ամբողջ մեղադրանքը կառուցված է մի ենթադրության վրա, որ նախագահ Քոչարյանն, այս երկրում ինչ կատարվում է, դրանից տեղյակ է, ինչ իրականացվում է՝ իր հանձնարարությամբ է իրականացվել, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Ասվածի համատեքստում նա հիշեց Մարտի 1-ի գործը, երբ այդ ժամանակ էլ ամեն ինչի համար մեղավոր կարգվում էր ՀՀ երկրորդ նախագահը։
«Խնդիրը հետևյալի մեջ է. երբ մարդ պաշտպանվում է, պետք է հասկանա՝ ինչից է պաշտպանվում, ինչ արարքներ են իրեն մեղսագրվել։ Կամ պետք է ներկայացված լինի՝ ինչ ինքը չի արել, բայց օրենքով պարտավորվում էր անել»,-ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ մեղադրանքի մեջ նախարարները նկարագրված են որպես նախագահի ենթականեր, այն դեպքում երբ վարչապետն Անդրանիկ Մարգարյանն էր։
Ըստ Արամ Օրբելյանի՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են օրենք վավերացնելու համար, որի ստորգրումը նախագահի պարտականությունն է եղել։
Անդրադառնալով հողի վաճառքի մեղադրանքին՝ փաստաբանը նշեց, որ այդ հողը ձեռք է բերվել 2001 թվականին և վաճառվել 2021-ին՝ կոչ անելով համեմատել այն ժամանակվա և այսօրևվա անշարժ գույքի գները։
Արամմ Օրբելյանը շեշտեց՝ գործողությունների մեծ մասն ընդհանրապես չեն առնչվում Ռոբերտ Քոչարյանին։
Նա նաև զարմանք հայտնեց խափանման միջոցի՝ կալանքի ընտրության առնչությամբ, քանի որ 20 տարի առաջ ստորագրված առկա որոշումների վրա Քոչարյանն այսօր չէր կարող ազդել։