Դիվանագիտական այկիդո․ ինչպես Մոսկվայի ուլտիմատումը վերածել ԵՄ-ին դիմելու «ալիբիի»

Դիվանագիտական այկիդո․ ինչպես Մոսկվայի ուլտիմատումը վերածել ԵՄ-ին դիմելու «ալիբիի»

Երևանի և Մոսկվայի միջև ծավալվող դիվանագիտական շախմատը մտել է վճռորոշ փուլ։ Երբ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարում է, թե Մոսկվան չի կարող անտարբեր մնալ Հայաստանում ծավալվող իրադարձությունների նկատմամբ, իսկ ԵԱՏՄ գործընկերները Երևանի առջև «մինչև դեկտեմբեր» վերջնաժամկետ են դնում՝ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու համար հանրաքվե անցկացնելու պահանջով, հայկական քաղաքական ղեկավարությունը դիմում է անսպասելի տակտիկական քայլի։ Վարչապետ Փաշինյանը հայտարարում է առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնելու գործընթաց սկսելու մասին։ Հարց է առաջանում․ Հայաստանը Մոսկվայի կողմից կիրառվող քաղաքական ճնշումների ու տնտեսական պատժամիջոցների ազդեցության տա՞կ է նման քայլ կատարում՝ ստիպված, թե՞ գործ ունենք տակտիկական հերթական մանևրի հետ՝ հեռահար ինչ-որ հաշվարկով ու շախմատային դիրք շահելու ակնկալիքով։

Քաղաքական «այկիդո»

ԵԱՏՄ գործընկերների դրած «մինչև դեկտեմբեր» վերջնաժամկետն, ըստ էության, Մոսկվայի փորձն էր՝ Երևանին կանգնեցնելու կոշտ ընտրության առջև․ կա՛մ հիմա հանրաքվե եք անում ու հրաժարվում Եվրոպայից, կա՛մ մնում եք ԵԱՏՄ-ում։ Սրա թաքնված նպատակը Հայաստանում քաղաքական օրակարգ ձևավորելու նախաձեռնությունը ՀՀ գործող իշխանությունից վերցնելն ու հայաստանյան յուրային սատելիտ ուժերին փոխանցելն է, ինչպես նաև արտաքին կողմնորոշման գործոնով Հայաստանում քաղաքական ցնցումների նոր էտապ հրահրելը։

Սակայն Հայաստանի իշխանությունը դիմում է քաղաքական «այկիդոյի» դասական հնարքի․ հակառակորդի հարվածի ուժն ու արտաքին ճնշումն օգտագործում է հենց նրա դեմ։

Փաշինյանը շրջում է պատճառահետևանքային կապը․ «Դուք եք պահանջում հանրաքվե, իսկ հանրաքվե անցկացնելու համար պետք է ունենալ հստակ ձևակերպված հարց ու ԵՄ արձագանք։ Հետևաբար մենք դիմում ներկայացնելու գործընթաց ենք սկսում ԵՄ-ին՝ հենց ՁԵՐ պահանջը կատարելու համար»։ Սրանով Երևանը ստեղծում է քաղաքական ամուր «ալիբի» և փորձում չեզոքացնել Կրեմլի մեղադրանքները, թե սա «արևմտյան պատվեր է» կամ «հակառուսական դավադրություն»։ Ցույց է տրվում, որ քայլն ընդամենը ԵԱՏՄ գործընկերների հորդորներին «ականջալուր լինելու» հետևանքն է, հետևաբար՝ ԵԱՏՄ-ն ինքն է լեգիտիմացնում այդ ընտրությունը։

Միաժամանակ թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ ԱԺ նախագահ Ռուբինյանն իրենց հայտարարություններում մատնանշում են ընթացակարգային անորոշությունները (դեռ հայտնի չեն ԵՄ պատասխանը, ժամկետները, ճանապարհային քարտեզը), նշում են, թե ինքնին Բրյուսելին անդամակցության հայտ ներկայացնելը ժամանակատար ու աշխատատար գործընթաց է։ Այս ուղերձները ռուսական դեկտեմբերյան կոշտ վերջնաժամկետը վերածում են տարիներ տևող, անորոշ ու ամորֆ մի գործընթացի։ Երևանը Մոսկվայի դրած «կապրիզը» փոխարինում է բյուրոկրատական լաբիրինթոսով՝ Հայաստանին տալով ամենակարևոր ռեսուրսը՝ քաղաքական ժամանակ։ Մոսկվային ուղղված պատասխանի ենթատեքստը պարզ է․ «Ուզում էի՞ք մինչև դեկտեմբեր հանրաքվե անցկացնենք․ մենք դիմում ենք Բրյուսելին։ Ուրեմն բարի եղեք սպասել նրա արձագանքին, ապա նաև այլ անվերջանալի գործողություններին, որոնք անհրաժեշտ կլինեն հանրաքվեն հասունացնելու համար»։

Ներքին «թիկունքի» մաքրում․ ընտրություններից հետո սկսված նոր փուլը

Արտաքին ճակատում ռուսական վերջնաժամկետը «բյուրոկրատական լաբիրինթոսի» վերածելուն զուգահեռ՝ Հայաստանի իշխանությունը փաստացի դիմում է հակահարձակման՝ որպես լավագույն պաշտպանության միջոց։ Նա ձեռնամուխ է եղել ներքին «թիկունքի» վճռական ապահովագրմանը։ ՀՀ նոր կառավարության ծրագրում Ռուսաստանն այլևս որպես «ստրատեգիական դաշնակից» չի ճանաչվում (սա՝ որպես պատասխան հուլիսյան ընտրությունների արդյունքները Մոսկվայի կողմից ֆորմալ առումով չճանաչելուն), ինչը նաև Մոսկվայի անվտանգային հովանոցից դուրս գալու ակնհայտ, ուղղակի աղաղակող ակտ է։ Հայաստանը դե յուրե արձանագրեց այն, ինչ հողի վրա առկա է դե ֆակտո։

Բացի դրանից՝ ընտրություններից անմիջապես հետո քրեաիրավական նոր գործընթացներ սկսվեցին պրոռուսական առանցքային բոլոր դերակատարների՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի (նրա նկատմամբ ավելի վաղ էր սկսվել) և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ։

Այս գործընթացների ժամանակագրական համընկնումը շատ խոսուն է։ Իշխանությունը լուծում է ռազմավարական խնդիր․ չեզոքացնելով ռուսական վեկտորի խոշորագույն քաղաքական ու տնտեսական «գեներատորներին»՝ Երևանը կանխարգելիչ հարված է հասցնում Ռուսաստանի «հինգերորդ շարասյան» վերակենդանացմանը և դրա հետ կապվող ռուսական հույսերին։ ՀՀ իշխանությունը, սկսված քրեաիրավական նոր գործընթացները քաղաքական մակարդակում օգտագործելով, պարզապես կտրում է Մոսկվայի հայաստանյան թևերը։ Այս ֆոնին հատկանշական էր, որ Կրեմլի խոսնակ Պեսկովը, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին խոսելիս, ձեռնպահ մնաց դրանք մեկնաբանելուց, իսկ ԱԳՆ խոսնակ Զախարովան բավարարվեց նշելով, թե իրենք ցանկանում են միայն, որ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցները հնարավորություն ունենան քաղաքականությանը հանգիստ մասնակցելու։ Նման սպասողականությունը ցույց է տալիս, որ Մոսկվան հասկանում է, թե ինչ են անում իր հայաստանյան թևերի հետ, և չի ցանկանում ավելի արագացնել «սղոցի» աշխատանքը։

Վերանվաճած ընտրական մանդատի վրա հենվելով՝ Փաշինյանը փաստացի կտրուկ բարձրացնում է քաղաքական խաղադրույքները։ ՌԴ-ին դաշնակից չճանաչելով ու նրա տեղական «արմատները» քաղաքականապես չորացնելով՝ նաև Արևմուտքին է հղում աներկբա ազդակներ առ այն, որ Երևանը չի նահանջելու, եթե ստանա անվտանգային ու տնտեսական իրական այլընտրանքներ։

Եվ այս իմաստով գնդակը որոշ չափով նաև Բրյուսելի ու Վաշինգտոնի դաշտերում է։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment