ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կարելի է քննարկել հայերին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից կոնցեսիոն կառավարման ներքո է։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Յուրի Մովսեսյանը։
-Լավրովը «Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ ասել է․ «Հայտարարություն են անում, որ այն իրենցն է, և որ մենք նրանց պարտք ենք 2 միլիարդ»։
-Կարծում եմ՝ առաջին հերթին այս հայտարարությունն է փաստական սխալներ պարունակում։ Այսինքն՝ Հայաստանը ոչ թե այն դիրքերից է հանդես գալիս, թե երկաթուղին ում է պատկանում, այլ ավելի շատ խոսում է կոնցեսիայի մասին։ Դա չի նշանակում, որ այն Ռուսաստանի սեփականությունն է, այլ որ մենք հանձնել ենք իրենց կառավարմանը։ Խոսելով գումարի չափի մասին՝ Հայաստանը միայն նշում է, որ անհրաժեշտ փոխհատուցման վերաբերյալ կարող են լինել բանակցություններ։ Այսինքն՝ Հայաստանը երբևէ չի խոսել այն մասին, որ Ռուսաստանը պետք է վճարներ կամ պարտքեր մարի, այլ խոսվել է նրա մասին, որ եթե գործը հասնի նրան, որ Հայաստանը պետք է դիմի արբիտրաժային դատարան, ապա կդիտարկվի նաև համապատասխան ներդրումներ չանելու դիմաց որոշակի վճարներ պահանջելու հարցը։ Բայց եթե փաստական հանգամանքների վերլուծությունից այն կողմ գնանք, կարծում եմ՝ այս հարցը շատ է դուրս եկել հրապարակային դաշտ, և դա ոչ թե հայկական կողմի նախաձեռնողականությունն է եղել, այլ երկու կողմն էլ արդեն հրապարակային դաշտում են բանավիճում հարցի շուրջ։ Լուծման բացակայությունը դրդելու է կողմերին ավելի շատ քաղաքական ճնշման գործիքներ կիրառել միմյանց նկատմամբ, առաջին հերթին՝ նաև քաղաքական հայտարարությունների միջոցով։
-Լավրովը նշել է, որ Հարավկովկասյան երկաթուղին գտնվում է «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարման ներքո։ Հայաստանի կողմից կոնցեսիայի վերաբերյալ բարձրացվող հարցերը կարո՞ղ են վերածվել հայ-ռուսական քաղաքական լուրջ վեճի։
-Իմ կարծիքով՝ այս պահին թե՛ կարճաժամկետ հեռանկարում, թե՛ իրենց նշանակությամբ երկու հարց կա հայ-ռուսական հարաբերություններում, որոնք լուծում են պահանջում։ Առաջին հերթին երկաթուղու հարցն է, որը Հայաստանի տեսանկյունից ապաշրջափակման հեռանկարներ բացող հարց է, իսկ Ռուսաստանի տեսանկյունից՝ տարածաշրջանում լոգիստիկ շղթաների նկատմամբ վերահսկողություն ունենալու կամ, եթե նույնիսկ վերահսկողություն չլինի, առնվազն թույլ չտալու, որ տեղի ունենա այդ ապաշրջափակումը, ինչը նրան թույլ կտա Հայաստանին պահել կախվածության օղակներում։ Մյուս հարցը ատոմակայանն է։ Այս պահին Ռուսաստանում սպասում են Հայաստանի քաղաքական որոշմանը, իսկ Հայաստանը փորձում է այլընտրանքային ճանապարհներ գտնել, նոր միայն որոշում կայացնել։ Պարզ է, որ բավականին «ծանր» որոշում է, քանի որ եթե նայենք մյուս տեխնոլոգիաներին, դրանք կարծես թե այդքան էլ լավ փորձարկված չեն։ Բայց, մյուս կողմից էլ, կա ռուսական վերահսկողության խնդրահարույց լինելը, որը կարող է մեծացնել Հայաստանի զգայուն կախվածությունը։ Պոտենցիալ վտանգ կա, որ հենց այս երկու հարցերը կարող են դառնալ նոր լարվածության պատճառ։ Եթե Հայաստանը մինչև այս տարեվերջ կարողանա լուծել երկաթուղու հարցը, մենք պետք է սպասենք, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ատոմակայանի ճակատագիրը։
-Լավրովը պնդում է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի նորմերն «անհամատեղելի են»։ Եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցության գործընթացը, ի՞նչ հետևանքներ կարող են լինել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համար։
-Ես նեղ մասնագիտացում չունեմ այդ թեմայով, բայց ստանդարտների մասով որևէ հակասություն չի կարող առաջանալ․ այսինքն՝ եթե Հայաստանն իր բոլոր ապրանքատեսակները համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին, տեխնիկական առումով Ռուսաստան արտահանելու տեսանկյունից որևէ խոչընդոտ չպետք է առաջանա։ Այսինքն՝ սա էլի քարոզչական-քաղաքական հայտարարության միջոցով ճնշում գործադրելու մարտավարությունից է բխում։ Հայաստանի կողմից ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի և հայտ ներկայացնելու մասին հայտարարությունը համարում եմ քաղաքական հակադարձ պատասխանների, միմյանց նկատմամբ քաղաքական հակակշիռներ ստեղծելու մաս։ Թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում միտում կա, որ սա կարող է նույնիսկ տասնյակ տարիների գործընթաց լինել։ Բայց քանի որ Հայաստանի առջև դրված է այս դիլեման, Հայաստանը փորձում է պատասխանել, որ մենք այս գործընթացը կսկսենք, և հանրաքվեն կլինի այն ժամանակ, երբ հայտը դիտարկվի և անհրաժեշտություն առաջանա։ Այսինքն՝ ես չեմ կարծում, որ այս պահին այս դիլեման կա, բոլորն էլ հասկանում են, որ ԵՄ անդամակցության հարցն այսօր այնքան խիստ դրված չէ, որ Ռուսաստանը մտածի, թե Հայաստանը կարող է առաջիկայում դուրս գալ ԵԱՏՄ-ից և ԵՄ անդամ դառնալ։ Բայց մյուս կողմից էլ պարզ է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու տեսանկյունից Ռուսաստանը նույնպես կարող է վնասներ կրել, դրա համար երբեմն մեղմ դիրքորոշումներ ենք տեսնում։
Լիլիթ Աբրահամյան
