ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, որի ընթացքում նրան հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին, հայտնել է վարչապետի աշխատակազմը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգը և տարբեր ոլորտներում համագործակցության ընթացքը։
Փաշինյանն անդրադարձել է այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։
Վրաստանի վարչապետն ընդունել է հրավերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հուլիսին հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երևանում կանցկացվի կենսաբազմազանության COP17 համաժողովը։ Կառավարությունը փետրվարին որոշում էր կայացրել պետբյուջեից լրացուցիչ 73,7 միլիոն դրամ հատկացնել ՇՄՆ-ին՝ համաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում աշխատակիցների արտասահմանյան գործուղումները ֆինանսավորելու համար:
