Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետ ազատվել է աշխատանքից՝ վերադասի առաջարկությամբ և սեփական դիմումների համաձայն, հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքապետարանից հայտնել են, որ որոշման հիմք է դարձել օգոստոսի 21-ին մամուլում և սոցցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էր քաղաքապետարանի երկու կին աշխատակցի և հանրային տրանսպորտի ուղևորների միջև վիճաբանությունը։
Աշխատակիցները վերահսկում էին՝ արդյոք ուղևորները վճարել են 150 դրամ ուղեվարձը։ Տեսանյութի տարածման օրը լրատվամիջոցները հայտնել էին, որ վեճը ծագել է ուղեվարձի վճարման շուրջ։
Տեսանյութում աշխատակիցներից մեկը մատնացույց անելով դիմում է ուղևորներից մեկին՝ ասելով՝ «ձայնդ չբարձրացնես»։ Վիճաբանության ընթացքում հնչում են նաև «ի՞նչ ես անելու», «կանեմ՝ կտեսնես» արտահայտությունները։ Կողմերը միմյանց ասում են նաև, որ ոստիկանություն կկանչեն։ Քաղաքապետարանը երկու աշխատակցի վարքագիծը գնահատել է որպես ոչ պատշաճ։
