Սփյուռքի նշանակությունն ու դերը Հայաստանի կյանքում իշխանության և ընդդիմության միջև բանավեճի առիթ են դարձել։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները քննադատում են «Ուժեղ Սփյուռք՝ ուժեղ Հայաստան» թեզը, մինչդեռ ընդդիմությունը հիշեցնում է՝ ուժեղ Սփյուռքը մտապես կարևոր դեր է ունեցել երկրի զարգացման գործում։
Բանավեճը նոր քաղաքական նշանակություն է ստացել 2026 թվականին, երբ սփյուռքահայ գործարար և բարերար Սամվել Կարապետյանը հիմնադրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում դարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական մրցակիցը։
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների պետական ձևաչափը փոփոխվեց 2019-ից, երբ լուծարվեց Սփյուռքի նախարարությունը, որին փոխարինեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Հետագա տարիներին փոփոխությունները շարունակվեցին նաև Սփյուռքի քաղաքական մասնակցության և Հայաստանի հետ իրավական կապերի ոլորտներում։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո փոխվեցին ընտրական կարգավորումները, ինչի արդյունքում Հայաստանում առնվազն մեկ տարի մշտապես չբնակված քաղաքացիները զրկվեցին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։
Իշխանությունները նաև առաջարկում են փոխել քաղաքացիության տրամադրման կարգը՝ խստացնելով ազգությամբ հայերի համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու պայմանները։
Կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրով «Քաղաքացիական պայմանագիրը» նախատեսում է շուրջ 8 միլիոնանոց Սփյուռքի հետ հարաբերությունները կառուցել մասնագիտական և երիտասարդական խմբերի հետ համագործակցության ձևաչափով։ Նախատեսվում է նաև Հայաստան-Սփյուռք համաժողով անցկացնել և դրա շրջանակում հաստատել հետագա համագործակցության ծրագիրը։
Միևնույն ժամանակ, իշխանությունները Սփյուռքի հետ համագործակցության նոր ձևաչափում Հայ Առաքելական Եկեղեցին չեն դիտարկում որպես հիմնական գործընկեր։ Սա այն դեպքում, երբ բազմաթիվ երկրներում հենց եկեղեցու շուրջն են ձևավորված հայկական համայնքային կառույցներն ու դպրոցները։
Armenia Today-ն հարցրել է Երևանի բնակիչներին՝ ինչ են նրանք մտածում Սփյուռքի դերի և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը անհամաձայնություն է հայտնել ՔՊ պատգամավորի դիրքորոշումներին։ Հարցմանը մասնակցած Արգենտինայում բնակվող մի սփյուռքահայ ասել է, որ վերջին տարիներին Հայաստան-Սփյուռք համագործակցության ծրագիր չկա, ափսոսանք հայտնել դրա համար և այն մասամբ պայմանավորել Սփյուռքի նախարարության լուծարմամբ։ Իսկ հնչած դիրքորոշման հետ չի համաձայնել։
«Ինչ խելացի խոսք է ասի, ո՛չ, համամիտ չեմ։ Նորեն ըսեմ՝ մեկ ազգ, մեկ ժողովուրդ, աս է մոտեցումս»,- պնդել է սփյուռքահայը՝ ի պատասխան պատգամավորի դիրքորոշմանը, թե «Ուժեղ Հայաստան-ուժեղ Սփյուռք» արտահայտությունը «միֆ» է։
Սփյուռքից Հայաստանին օգնելու՝ իշխանական տարբերակին նա կրկին չի համաձայնել։
«Չ՛է, շատ ճամփաներ կան ասոր համար, մեկ ձև չի կա և ամեն ձևերը, ամեն ճամփաները կարծեմ որ ներդրում կբերեն մեզի՝ իբրև ազգ, նորեն ըսեմ, իբրև Հայաստան և հայրենիք»,- պնդել է սփյուռքահայը՝ չկիսելով իշխանության դիրքորոշումը, որ Սփյուռքից Հայաստանին կարող են օգնել միայն հեռախոսազանգով ճշտում անելուց հետո, թե ինչի՞ կարք ունի Հայաստանը։
Հարցված քաղաքացիներից մեկը ևս չի համաձայնել Եղոյանի մտքերի հետ, դրանք համարել է «բարբաջանք» և չի զարմացել, որ օրվա իշխանության ներկայցուցիչը նման միտք է հայտնել։
«Այդ բարբաջանքները, որ ԱԺ-ում լսվում են, մի պարզ նպատակ ունեն՝ ազգային համահավաք կառույցների վրա հարձակում։ Հիմա հերթը Սփյուռքինն է, ոչ մի զարմանալու բան չկա»,- համոզմունք է հայտնել քաղաքացին՝ նշելով, որ նախորդիվ թիրախում եկեղեցին էր, որից միշտ Թուրքիան վախեցել է, Արցախը, Ցեղասպանության հարցը։
Մեկ ուրիշ քաղաքացի հորդորել է իշխանությանը ոչ թե անհանգստանալ արտագաղթի համար, այլ կանխել այն՝ Հայաստանում նույնպես լավ պայմաններ ապահովելով։
«Այստեղ էլ է հարկավոր այնպես անել, որ մարդը կարողանա ապրել, մարդիկ այստեղ չեն կարողանում գոյատևել, իսկ Սփյուռքը մեզ օգնելուց բացի չի խանգարում օգնելուց բացի»,- համոզմունք է հայտնել նա։
Հարցմանը մասնակցած մեկ այլ քաղաքացի որոշ չափով կիսել է իշխանության տեսակետը, որ Հայաստանից Սփյուռք արտագաղթը կթուլացնի երկիրը։ Նա նշել է, որ չի ցանկանում Հայաստանը դատարկված տեսնել։ Սակայն ըստ նրա՝ Հայաստան տեղափոխվելու՝ սփյուռքահայերին ուղղված իշխանության կոչը պետք է վերաբերի միայն վերջին տասնամյակներում արտագաղթացներին։
Քաղաքացին նշել է, որ աջակցում է Հայաստանից արտագաղթածներին հայրենիք վերադարձնելու պետական ծրագրերին, սակայն անհեթեթ է համարում նույն կոչը Սփյուռքի այն հայերին ուղղելը, որոնց նախնիները Հայոց ցեղասպանությունից փրկվելով են հաստատվել արտերկրում։ Նրա կարծիքով՝ վերադարձի կոչը պետք է առաջին հերթին ուղղել վերջին տասնամյակներին սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով Հայաստանից արտագաղթածներին։
Մեկ այլ քաղաքացի, ով վերջին 3 տարում Բարսելոնայում է բնակվում, պատմել է, որ այնտեղ շատ փոքր, բայց շատ ուժող հայ համայնք, գործող դպրոց և եկեղեցի կա, իսկ տեղի հայերը սիրում և ձգտում են միշտ այցելել Հայաստան։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացումը նա մարդկային կապիտալի զարգացմամբ է պայմանավորել։
«Իրավաբաններ ունենք Բարսելոնայում, ովքեր քաղաքականության մեջ ուժեղ կապեր ունեն և նախկինում աշխատանքներ են իրականացրել Արցախի և այլ հարցերում, իսկ հիմա ևս շարունակում են նպաստել հարաբերությունների ուժեղացմանը։ Սփյուռքի ներդրումը ես ավելի շատ այդպես եմ պատկերացնում, ոչ թե միայն գալ Հայաստան և ռեստորաններ գնալ»,- կարծիք է հայտնել քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։